• Latest news

Հայաստանը ստացել է 780,000ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ դիաբետի բարդությունների դեմ պայքարի համար

14 մայիսի, 2024  17:07

Դիաբետի համաշխարհային հիմնադրամի դրամաշնորհին է արժանացել «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը՝ ուղղված Հայաստանում շաքարային դիաբետի ռազմավարության իրականացմանը եւ դիաբետով պայմանավորված կուրության կանխարգելմանը:

Ծրագրի աշխատանքների մեկնարկն ազդարարելու նպատակով Հայաստան են ժամանել Դիաբետի համաշխարհային հիմնադրամի (Դանիա) ներկայացուցիչներ, ովքեր այսօր ՀՀ առողջապահության նախարարության եւ Հայկական ակնաբուժության նախագծի ներկայացուցիչների հետ այցելեցին Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթալու ծրագրի մի քանի կարեւոր բաղադրիչների։

Մասնավորապես, Հայկական ակնաբուժության նախագծի Արմավիրի մարզային ակնաբուժական դիագնոստիկ կլինիկայում իրականացվում են ակնահատակի խորացված հետազոտություններ եւ դիագնոստիկա արհեստական բանականության միջոցով։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է նաեւ շաքարային դիաբետ ունեցողների գլիկոլիզացված հեմոգլոբինի թեստ, ինչի շնորհիվ գնահատվում է վերջին մի քանի ամիսներին բուժառուի՝ շաքարային դիաբետի կառավարումը։ Հայկական ակնաբուժության նախագծի Աչքի շարժական հիվանդանոցում ակնային խնդիր ունեցող բուժառուները խորացված հետազոտություն են անցնում եւ լազերային ու վիրահատական բուժում ստանում։

a2.jpg (64 KB)

«Այս ծրագիրը 2017 թվականից մեկնարկած համագործակցության շարունակությունն է, - ասաց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը։ - Ծրագիրն ընդլայնվել է տարիների ընթացքում՝ մեծացնելով բուժառուների խնամքի շրջանակը, ինչպես նաեւ առողջապահական քաղաքականության բարելավման եւ բուժանձնակազմի հզորացման ուղղությամբ կատարվող աշխատանքը։ Հայաստանում ներդրել ենք նորարար լուծումներ՝ ինչպիսիք են արհեստական բանականության միջոցով բուժառուի ակնահատակի դիագնոստիկան, տվյալների հավաքագրման եւ վերլուծության առցանց շտեմարանի ստեղծումը, շարժական սարքերով գլիկոլիզացված հեմոգլոբինի ստուգման հնարավորությունը, այս տարվանից Հայաստանում առաջին անգամ կիրականացվի դիաբետիկ ոտնաթաթի սքրինինգ, ներդրվում է դիաբետի դպրոցների ստեղծման համակարգված մոտեցում եւ այլն։ Հուսով ենք, որ մեր գործընկերների համատեղ աշխատանքը կշարունակենք նոր եւ հետաքրքիր ծրագրերով՝ կանխարգելելու Հայաստանում շաքարային դիաբետի բարդությունները եւ նպաստելու բուժառուների առողջության պահպանմանը»։

«Շատ արդյունավետ է համագործակցությունը: Հատկապես կարևոր էր, որ ստեղծեցինք դիաբետի ազգային ռազմավարությունը եւ գործողությունների պլանը, իսկ այս նոր ծրագրով կկարողանանք միասին իրականացնել առանցքային մի շարք միջոցառումներ», - նշեց ՀՀ ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության Արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Նորա Փահլևանյանը:

 

«Այս համատեղ նախաձեռնությունը Հայաստանում 8 տարվա համագործակցության արդյունք է, որի նպատակն է աջակցել շաքարային դիաբետի համապարփակ ռազմավարության իրականացմանը: Ունենալով ամուր հիմք՝ մենք հանձնառու ենք շարունակել ծրագրի իրականացումն ազգային մակարդակում եւ շարունակել զգալի փոփոխություն մտցնել շաքարային դիաբետ ունեցողների կյանքում», ասաց Դիաբետի համաշխարհային հիմնադրամի ռազմավարության եւ բիզնեսի զարգացման ղեկավար Կիրզա Բախ Քրիստենսենը:

2024-2027թթ ՀՀ ողջ տարածքում կիրականացվեն 40.000-ից ավելի բնակիչների՝ ներառյալ Արցախից բռնի տեղահանվածների ակնային զննումներ, հազարավոր բուժառուների աչքի լազերային բուժում, վիրահատություններ, Հայաստանում առաջին անգամ կանցկացվի դիաբետիկ ոտնաթաթի սքրինինգի ծրագիր, սարքավորումներով կհամալրվեն 60 մարզային բուժհաստատություններ, կկազմակերպվեն բուժաշխատողների վերապատրաստումներ, կմշակվեն դիաբետի եւ դրա բարդությունների վարման կլինիկական պրոտոկոլներ եւ այլ փաստաթղթեր, մարզերում կհիմնվեն դիաբետի դպրոցներ:

Հայկական ակնաբուժության նախագիծը Դիաբետի համաշխարհային հիմնադրամի հետ իրականացնում է դիաբետի եւ դիաբետի բարդությունների կանխարգելման ծրագրեր 2017թ.-ից: Այս ընթացքում դիաբետ ունեցող շուրջ 30.000 մարդ ակնային հետազոտություն է անցել, որոնցից ավելի քան 10.000-ը ախտորոշվել է որպես դիաբետիկ ռետինոպաթիա կամ այլ ախտահարում ունեցող, 3.000-ից ավելի մարդ ակնային վիրահատություն է անցել, հազարավոր բուժաշխատողներ են վերապատրաստվել, կենտրոններ են հագեցել բուժսարքավորումներով, ստեղծվել է տվյալների հավաքագրման եւ վերլուծության համակարգ, մասնագիտական եւ հանրային կրթության եռալեզու առցանց հարթակ, կրթական բազմաթիվ նյութեր:

a1.jpg (985 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել