Շաքարախտի մասնագետ Հակոբ Անթառամյանը (ԱՄՆ) կարծում է, որ լավ բժիշկները պետք է իրենց հիվանդների համար նմանակելու օրինակ լինեն: Նրա կարծիքով՝ բավարար չէ, որ բժիշկը բուժում նշանակի եւ իր հիվանդներին ասի, թե նրանք ինչպիսի կենսակերպ պետք է վարեն: Նա պետք է այդ ամենը նաեւ սեփական օրինակով ցույց տա, այլապես հիվանդները նրան դժվար թե հավատան:

Սակայն որոշ բժիշկներ չեն կարող նմանակելու լավ օրինակ լինել, եթե իրենք իսկ անառողջ կենսակերպ են վարում, ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեն, շաքարախտ եւ ծխելու կամ ալկոհոլը չարաշահելու վնասակար սովորություն:

«Ճարպակալմամբ եւ շաքարախտով ծխող բժիշկը չի կարող իր հիվանդների համար նմանակման օրինակ լինել: Եթե բժիշկը ցանկանում է, որ իր հիվանդներն առողջ լինեն եւ առողջ կենսակերպ վարեն, նա առաջին հերթին ինքն իրենից պետք է սկսի»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Հակոբ Անթառամյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում որոշ բժիշկներ մոռանում են, որ հիվանդներն իրենց են նայում եւ իրենցից օրինակ վերցնում: Նրանք հիվանդներին ասում են, որ ծխելը վտանգավոր է, իսկ իրենք ծխում են, ուստի բնական է, որ հիվանդները նրանց խոսքին պատշաճ լրջությամբ չեն վերաբերվում: Բժիշկ Անթառամյանի դիտարկումներով՝ Հայաստանում մեծ թվով ծխող բժիշկներ կան, եւ տարօրինակն այն է, որ նրանք իրենց հիվանդներից դա անգամ չեն էլ թաքցնում: Իսկ ահա իրենց ֆիզիկական վիճակին հետեւող, սպորտով զբաղվող եւ առողջ կենսակերպ վարող բժիշկները Հայաստանում այնքան էլ շատ չեն, որքան որ ցանկալի կլիներ:

ԱՄՆ-ում, որտեղ աշխատում է Հակոբ Անթառամյանը, ծխող բժիշկները, նրա խոսքով, շատ ավելի քիչ են, դե իսկ ծխողներն էլ ուրիշների մոտ, առավել եւս՝ հիվանդների եւ պոտենցիալ հիվանդների մոտ չեն ծխում՝ հասկանալով, թե դա որքան վատ կընկալվի: Մինչդեռ Հայաստանում որոշ բժիշկներ իրենց աշխատասենյակներում ծխում են հիվանդների ներկայությամբ:

«ԱՄՆ-ում հիվանդը չի տեսնի մարդկանց ներկայությամբ ծխող բժշկի: Մեզ մոտ ծխող բժիշկն ընդհանրապես մեծ բացառություն է: Իսկ Հայաստանում այդպես չէ, եւ ձեզ մոտ ծխող բժիշկներն իրենց հիվանդների համար վատ օրինակ են ծառայում, չնայած, հակառակը, պետք է նրանց լավ օրինակ ծառայեին»,- ասաց մասնագետը: