Չափահաս հայերի գրեթե 37 տոկոսը հիպերտոնիայով՝ զարկերակային բարձր ճնշմամբ է տառապում, սակայն այդ մասին նրանցից միայն 22 տոկոսը գիտի ու բուժում է ստանում, եւ միայն 6 տոկոսի մոտ է բուժումն արդյունավետ, իսկ ճնշումը նորմայի շրջանակում է պահպանվում, պնդում է սրտաբան Մարինա Օրդյանը:
Համարվում է, որ սնդիկի սյան 140/90 մմ-ից բարձր ճնշումն արդեն հիպերտոնիա է, եւ եթե այն չվերահսկվի, կարող է բազմաթիվ լուրջ խնդիրներ առաջացնել, որոնց, ցավոք, հայերից շատերը տեղյակ չեն: Մասնավորապես՝ հիպերտոնիան մեծացնում է կաթվածների եւ ինֆարկտների առաջացման վտանգը, որոնք կարող են հանգեցնել հիվանդի մահվան կամ հաշմանդամության: Դրանից զատ, այն կարող է նաեւ այլ խնդիրների պատճառ դառնալ, օրինակ՝ անոթների պատերը վնասելով հիպերտոնիան կարող է տղամարդկանց շրջանում հանգեցնել էրեկցիայի խնդիրների:
Մասնագետները միաձայն պնդում են, որ հիպերտոնիայով տառապող մարդիկ վերեւում նշված խնդիրներից խուսափելու համար պետք է բժիշկի նշանակած դեղորայքն ընդունեն մշտապես՝ ամեն օր, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ ճնշումը բարձրանում է: Սակայն Հայաստանում քչերն են այդպես վարվում. շատ հիպերտոնիկներ դեղերը միայն այն ժամանակ են խմում, երբ իրենց վատ են զգում, իսկ եթե բարձրացած ճնշումը չի ուղեկցվում գլխացավով եւ այլ ախտանշաններով, մարդկանց թվում է, թե այն «անվտանգ» է: Բացի այդ, հայերից շատերը ընդհանրապես իրենց ճնշումը չեն չափում եւ տեղյակ չեն, որ հիպերտոնիա ունեն:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ անցկացված ծավալուն հետազոտության համաձայն՝ վերջին 40 տարվա ընթացքում արյան բարձր ճնշմամբ տառապող մարդկանց թիվը աշխարհում մեծացել է գրեթե 2 անգամ եւ հասել 1,1 մլրդ նիշին: Ուշագրավ է, որ եթե նախկինում հիպերտոնիան համարվում էր հարուստների հիվանդություն, ապա այժմ այս հիվանդությամբ տառապում են բնակչության աղքատ շերտերը: Հիպերտոնիայով տառապող բնակչության թվի էական աճ է նկատվում Աֆրիկայում եւ Հարավային Ասիայում: Հիպերտոնիկների թիվն ամենափքրն է Հարավային Կորեայում եւ Կանադայում:






