Կանոնավորապես բարձրակրունկ կոշիկ հագնող կանանց շրջանում զգալիորեն մեծանում է օստեոարթրիտի առաջացման հավանականությունը, պնդում է Max Super Speciality Hospital-ի (հնդկաստան) բժիշկ Անիլ Արորան:
Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ կինը բարձրակրունկ է հագնում, ինքն էլ չկասկածելով իր հոդերը ծանրաբեռնում է, ինչը կարող է հանգեցնել օստեոարթրիտի վաղ առաջացման: Մասնավորապես առավել մեծ վտանգի են ենթակա ծնկային հոդերը, որոնք մյուսներից ավելի շուտ են սկսում մաշվել, ցավել եւ իրենց շարժունակությունը կորցնել: Ըստ որում՝ որքան կրունկը բարձր է, այնքան ծունկն ավելի է ծանրաբեռնվում քայլելիս:
Մասնագետը նաեւ նշել է, որ երկար ժամանակ բարձրակրունկի (թաթերի) վրա քայլելը հանգեցնում է ցավերի, կոտրվածքների, նյարդերի գերճնշման եւ թե՛ հոդերի, թե՛ փափուկ հյուսվածքների մաշվածության մեծացման:
Այսպիսով՝ հնարավոր է, որ բարձրակրունկները գեղեցիկ են, կնոջն ավելի բարձրահասակ եւ բարեկազմ են դարձնում, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այդպիսի կոշիկը այնքան էլ անվտանգ չէ, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ: Կանանց նրանք խորհուրդ են տալիս մտածել բարձրակրունկներ հագնելու հետ կապված վտանգների մասին, եւ ավելի լավ է իրենց ոտքերի առողջության մասին մտածեն վաղ տարիքից սկսած:






