Մոսկվայում դեկտեմբերի 7-8-ը անցկացված երիտասարդ բժիշկների կոնֆերանսի մասնակիցները որոշել են համատեղ գիտական պարբերական հիմնել, որտեղ ԱՊՀ երկրների ասպիրանտները, երիտասարդ գիտնականները եւ գործող բժիշկները կկարողանան հրապարակել իրենց գիտական աշխատությունները եւ պրակտիկայի հետաքրքիր դեպքերի վերաբերյալ հաշվետվությունները: Այս մասին լրագրողներին հայտնեց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ղեկավար, ուռոլոգ Գեւորգ Գրիգորյանը:
Գեւորգ Գրիգորյանը նշեց, որ գիտական ամսագրի խմբագրական խորհուրդը կազմված կլինի փորձառու բժիշկներից եւ պրոֆեսորներից, նրանցից ոմանց հետ այս ուղղությամբ արդեն բանակցություններ են վարվում: Այս նախաձեռնությանն աջակցել է նաեւ Ռուսաստանի կրթության ակադեմիան:
Ակնկալվում է, որ գիտական ամսագրի առաջին համարը լույս կտեսնի արդեն մյուս տարի:
Կոնֆերանսի ժամանակ նաեւ միջազգային տեղեկատվական կենտրոն ստեղծելու որոշում է ընդունվել, որտեղ ԱՊՀ երկրների երիտասարդ բժիշկները կկարողանան լիարժեք տեղեկություններ ստանալ այդ երկրներում անցկացվող գիտական կոնֆերանսների, սեմինարների եւ տրենինգների մասին: Այդպիսի տեղեկատվությունը նրանց թույլ կտա ավելի լավ ծրագրել իրենց տարին եւ աշխատանքն այնպես կազմակերպել, որպեսզի ժամանակ ունենան գիտական միջոցառումներին մասնակցելու եւ մասնագիտական վերապատրաստման համար, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր բժշկի:
Նշենք, որ Մոսկվայում, Կրթության ռուսական ակադեմիայում, դեկտեմբերի 7-8-ը անցկացվել է «Բժշկագիտության եւ բժշկական կրթության ակտուալ հարցերը» խորագրով միջազգային համաժողով, որին մասնակցել են նաեւ հայ երիտասարդ բժիշկներ։
Համաժողովն համախմբել էր հետխորհրդային երկրների երիտասարդ բժիշկներին։ Նպատակն էր համատեղ մեխանիզմներ մշակել երիտասարդ մասնագետների փորձի փոխանակման եւ գիտապրակտիկ զարգացման համար։ Համաժողովի օրակարգային հարցերից էին նաեւ բուժաշխատողների պաշտպանության եւ շարունակական մասնագիտական զարգացման հարցերը։
Գիտաժողովի շրջանակներում բացման խոսքով հանդես եկան Կրթության ռուսական ակադեմիայի փոխտնօրեն Յու. Զինչենկոն, ՌԴ «Բժշկական ազգային պալատի» Խորհրդի անդամ Օ. Նագիբինը, ՌԴ «Վաստակավոր բժիշկների ասոցիացիայի» նախագահ Վ. Եգորովը, ՌԴ «Երիտասարդ բժիշկների համագործակցության» գլխավոր տնօրեն Իլյա Իլյինցեւը, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Գեւորգ Գրիգորյանը:






