Ռոտաբլացիոն անգիոպլաստիկան թույլ է տալիս կորոնար զարկերակների կրակալված ստենոզով հիվանդների կյանքը փրկել կամ կյանքի որակը լավացնել: Այսպիսի հիվանդների համար անգիոպլաստիկայի ստանդարտ մեթոդներն արդյունավետ չեն, իսկ որոշ դեպքերում նրանց հակացուցված են:

Փորձը ցույց է տալիս, որ այնպիսի ինովացիոն ինվազիվ միջամտությունները, ինչպիսին անգիոպլաստիկան է եւ կորոնար զարկերակների ստենտավորումը, երկու հիմնական սահմանափակում ունեն՝ 1. ծայրահեղ նեղացած եւ կրակալված անոթի պատերի պատռվածք (դիսեկցիա) դրա լայնացումից հետո, որը կարող է տարածվել, խախտել արյան նորմալ հոսքը, նպաստել թրոմբի առաջացմանը եւ հանգեցնել անոթի ամբողջական խցանման; 2. անոթի կրկնակի նեղացման (Restenosis) մեծ հաճախականություն, որը հասնում է 30-40 տոկոսի եւ անգիոպլաստիկայից հետո բավական արագ է զարգանում (2-ից մինչեւ 6 ամսում): Դրանից բացի, այս մեթոդների կիրառման սահմանափակում է նեղացած անոթների կրակալումը:

Ռոտաբլատորը բարձր արագությամբ հորատիչ է, որը ձիթապտղի ձեւ ունի եւ պատված է ալմաստի փշուրներով: Այն նախատեսված է աթերոսկլերոտիկ վահանիկներով զարկերակների անցանելիությունը վերականգնելու համար: Սարքը կորոնար զարկերակի վնասված հատված մտցնելիս կատետերի գլխիկի էլիպսաձեւ մասը, որը պտտվում է րոպեում 180 հազար պտույտ արագությամբ, աթերոման մանրացնում է միլիոնավոր մանր մասերի: Առաջնային հաջողությանը հասնում են 95 տոկոս դեպքերում, սակայն հիվանդների մեծամասնությունը ուղեկցող անգիոպլաստիկայի կարիք ունի անոթի օպտիմալ տրամագծի հասնելու համար: Մեթոդի օգտագործման հակացուցումներից են  թրոմբոզը եւ կորոնար զարկերակի բարձր անգուլյացիան:

Հարկ է նաեւ նշել, որ ռոտաբլացիան աորտոկորոնար շունտավորման (ԱԿՇ) այլընտրանքն է: Այն թույլ է տալիս խուսափել ծավալուն բաց վիրահատությունից՝ հիվանդի համար իր բոլոր վտանգներով եւ անհարմարություններով հանդերձ:

Այս տեխնոլոգիան վերջերս յուրացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից: 2016 թվականի մայիսի 5-ին Հայաստանում առաջին անգամ «Էրեբունի» ԲԿ-ում լեհ մասնագետ, Բելոստոկի բժշկական համալսարանի կլինիկայի ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար, դոկտոր Սլավոմիր Դոբժիցկու մասնակցությամբ անցկացված վարպետության դասի ժամանակ կատարվել է ռոտաբլացիոն տեխնոլոգիայի օգտագործմամբ ինտերվենցիա:

Վարպետության դասի ընթացքում առաջային վայրէջ զարկերակի ախտահարմամբ երկու հիվանդ է վիրահատվել: Աթերոսկլերոտիկ նեղացման հատվածում կրակալումը եղել էր երկու հիվանդների համար էլ նախորդ միջամտությունների անհաջողության պատճառը: Նրանք կլինիկապես տառապում էին կայուն ստենոկարդիայով՝ նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում:

Տարբեր տրամաչափի հորատիչների օգտագործմամբ ռոտացիոն աթերէկտոմայի օգնությամբ հաջողվել է լայնացնել զարկերակի բացվածքը, որից հետո միջամտություններն ավարտվել են ստանդարտ անգիոպլաստիկայով եւ դեղապատ ստենտի տեղադրմամբ:

Միջամտությունների ընթացքը հարթ է անցել՝ առանց բարդությունների: Մեկ օրից երկու հիվանդն էլ դուրս են գրվել ախտանշանային բարելավմամբ: