Ծնողները չեն կարող երեխաներին օրվա 24 ժամը հսկել, իսկ երեխաներն այնքան էլ հաճույքով չեն լսում իրենց ծնողների ձանձրալի ու երկար խորհուրդները կարելիի եւ չի կարելիի մասին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների անվտանգության բանալին իրենց երեխայի հետ միասին պոտենցիալ վտանգները տեսնելու ծնողի ունակությունն է, փոխանցում է Medical Daily-ն:
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ եթե ծնողները բացատրում են իրավիճակի վտանգավորությունը, ոչ թե երեխային պարզապես հրահանգում են որեւէ բան չանել, երեխաները նրանց լսում են: Դժբախտ պատահարների հետեւանքով մանկական մահացությունը լուրջ խնդիր է, ուստի երեխաներին ներգրավելով պոտենցիալ վտանգների թեմային՝ հետազոտողները հույս ունեն կրճատել մահացությունների թիվը:
Այովայի համալսարանի հոգեբան Ջոդի Փլամերթը եւ նրա գործընկեր Էլիզաբեթ Օնիլն ուսումնասիրել են, թե ինչպես են ծնողներն ու նրանց երեխաներն արձագանքել վտանգին: Հետազոտությանը մասնակցել է 63 մայր եւ նրանց 8-10 տարեկան երեխաները, որոնց փորձագետները ցույց են տվել տարբեր վտանգավոր իավիճակներում գտնվող երեխաների լուսանկարներ: Իրավիճակները տատանվել են ըստ վտանգավորության աստիճանի՝ կացինով փայտ կոտրել, ճանապարհով սքեյթբորդով դեպի ներքեւ իջնել եւ այլն: Մայրերին ու երեխաներին առանձին-առանձին խնդրել են իրավիճակները գնահատել 1-4 բալանոց համակարգով: Դրանից հետո մայրերն ու երեխաները նստել են միասին ու գնահատել են վտանգավորության աստիճանը՝ այդ ընթացքը գրի առնելով: Խոսակցությունների մեծ մասն այսպես է սկսվել՝ մայրերը երեխաներին խնդրել են իրենց կարծիքը հայտնել իրավիճակի մասին: Հետո նրանք սկսել են իավիճակը երեխաներին բացատրել՝ փորձելով ցույց տալ վտանգավոր իրավիճակի հնարավոր հետեւանքները: Օրինակ՝ ջեռոցի վրա հագուստի թեւքի լուսանկարի միջոցով մայրը ցույց է տվել, որ թեւքը կարող էր հրդեհի պատճառ դառնալ:
Գրեթե մեկ երրորդ դեպքերում մոր ու երեխայի կարծիքներն իրավիճակի վտանգավորության մասին տարբեր են եղել: Իրենց ծնողների հետ զրույցից հետո, սակայն, երեխաները փոխել են գործող վտանգի մասին իրենց կարծիքը: «Ծնողները կարող են վտանգների մասին խոսել իրենց երեխայի հետ»,- ասում է Փլամերթը՝ նշելով, որ այդ անհամաձայնությունն էլ, ի վերջո, սովորելու հուսալի երաշխիք կլինի:






