Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոն ընդունված երկտասարդի մոտ բժիշկները բոտուլիզմ են կասկածում: ԲԿ վերակենդանացման բաժանմունքից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ տղամարդը երեկ տանը պատրաստված պահածոյացված կանաչ պղպեղ է կերել, եւ այսօր առավոտյան նրա մոտ երեւան են եկել հիվանդության առաջին ախտանշանները:

Քանի որ հիվանդը վերջերս նաեւ գրիպով էր հիվանդացել, բացառված չէ, որ նրա մոտ իրականում ոչ թե բոտուլիզմ է, այլ ցողունային էնցեֆալիտ՝ երկու հիվանդությունների ախտանշանները շատ նման են, եւ երբեմն դժվար է իրարից տարբերել:

Չնայած հիվանդի ախտորոշումը վերջնականապես հստակ չէ, նրան հակաբոտուլինային շիճուկ է ներարկվել, որը կօգնի թույնի չեզոքացմանը, եթե նրա մոտ, այնուամենայնիվ, բոտուլիզմ է: Նրա հետ նաեւ նյարդաբան է աշխատում:

Հիշեցնենք, որ բոտուլիզմը մահացու, ինֆեկցիոն թունավորման հիվանդություն է: Դեպքերի գերակշիռ մասում բոտուլիզմով թունավորվելու պատճառը պահածոյացված սնկերն են եւ տնային պայմաններում պատրաստված բանջարեղենը: Հենց այս պատճառով են մասնագետները կոչ անում տանը պահածոյացված բանջարեղեն չպատրաստել եւ չուտել:

Բոտուլիզմի դեպքում գաղտնի շրջանը կարող է տեւել 2 ժամից մինչեւ մի քանի օր (դեպքեր են եղել, երբ հիվանդությունը երեւան է եկել թունավորումից 12 օր հետո):

Բոտուլիզմի առաջին, առավել հաճախ հանդիպող ախտանշաններն են սրատեսության խանգարումը՝ աչքերում մշուշ է առաջանում, երկտեսությունը, շլությունը: Այնուհետեւ կարող են առաջանալ խոսքի խանգարում, թուլություն, բերանի չորություն, կլլման խանգարում, ձայնի փոփոխություն, սրտխառնոց եւ փսխում, ջրիկ կղանք եւ այլ ախտանշաններ: Մարմնի ջերմաստիճանը կարող է նորմալ կամ բարձր լինել:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 6 դեպք՝ 15 տուժողներով: Գրանցվել է նաեւ այս հիվանդության հետեւանքով մահվան 2 դեպք՝ 50-ամյա տղամարդը մահացել էր հունվարին եւ 77-ամյա կինը՝ հոկտեմբերի 31-ին: