«Արմենիա» բժշկական կենտրոնի երիտասարդ հիվանդի մոտ բոտուլիզմը հաստատվել է: Նրանից բացի՝ նույն ախտորոշմամբ հիվանդանոցում է նաեւ նրա ծանոթ կինը, որը նույնպես տնային պայմաններում պահածոյացված պղպեղ է կերել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ում:
Հիշեցնենք, որ տղամարդը բոտուլիզմի ախտանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել դեկտեմբերի 16-ին: Դրանից մեկ օր առաջ նա տնային պայմաններում պահածոյացված կանաչ պղպեղ է կերել, հաջորդ օրն իսկ ի հայտ են եկել հիվանդության առաջին նշանները:
Քանի որ վերջերս նա նաեւ գրիպով հիվանդ է եղել, բժիշկները չեն բացառել, որ երիտասարդի մոտ կարող է ոչ թե բոտուլիզմ, այլ ցողունային էնցեֆալիտ լինել. երկու հիվանդությունների ախտանշանները նման են, եւ երբեմն շատ դժվար է դրանք տարբերել: Ախտորոշումը դյուրացրել է նաեւ այն փաստը, որ երիտասարդ հիվանդը միակը չէ, ով թունավորել է պայածոնացված կանաչ պղպեղից:
Հիվանդանոցում նշեցին, որ հիվանդներին հակաբոտուլինային շիճուկ են ներարկել, որն օգնում է չեզոքացնել մահացու վտանգավոր տոքսինը: Հիմա երկուսն էլ լավ են զգում, նրանց կյանքին արդեն վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ բոտուլիզմը մահացու, ինֆեկցիոն թունավորման հիվանդություն է: Դեպքերի գերակշիռ մասում բոտուլիզմով թունավորվելու պատճառը պահածոյացված սնկերն են եւ տնային պայմաններում պատրաստված բանջարեղենը: Հենց այս պատճառով են մասնագետները կոչ անում տանը պահածոյացված բանջարեղեն չպատրաստել եւ չուտել:
Բոտուլիզմի դեպքում գաղտնի շրջանը կարող է տեւել 2 ժամից մինչեւ մի քանի օր (դեպքեր են եղել, երբ հիվանդությունը երեւան է եկել թունավորումից 12 օր հետո):
Բոտուլիզմի առաջին, առավել հաճախ հանդիպող ախտանշաններն են սրատեսության խանգարումը՝ աչքերում մշուշ է առաջանում, երկտեսությունը, շլությունը: Այնուհետեւ կարող են առաջանալ խոսքի խանգարում, թուլություն, բերանի չորություն, կլլման խանգարում, ձայնի փոփոխություն, սրտխառնոց եւ փսխում, ջրիկ կղանք եւ այլ ախտանշաններ: Մարմնի ջերմաստիճանը կարող է նորմալ կամ բարձր լինել:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 6 դեպք՝ 15 տուժողներով: Գրանցվել է նաեւ այս հիվանդության հետեւանքով մահվան 2 դեպք՝ 50-ամյա տղամարդը մահացել էր հունվարին եւ 77-ամյա կինը՝ հոկտեմբերի 31-ին:






