Boston University-ի գիտնականների ստեղծած բիոնիկական ենթաստամոքսային գեղձը հաջողությամբ է անցել կլինիկական փորձարկումների հերթական փուլը. դեւայսը ցույց է տվել, որ կարող է հաջողությամբ վերահսկել հիվանդների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ թույլ չտալով հիպոգլիկեմիա՝ գլյուկոզայի մակարդակի վտանգավոր նվազում:

Սմարթֆոնից, գլյուկոզայի մոնիթորինգի համակարգից եւ երկու պոմպից կազմված կառուցվածքը տիպ 1 շաքարախտով տառապող հիվանդների շրջանում կիրառվել է 11 օրվա ընթացքում (նախկինում հետազոտությունները տեւում էին 24 ժամ եւ 5 օր) եւ արդյունքում բավական արդյունավետ էր արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար: Այդ ընթացքում փորձարկման մասնակիցների համար ոչ մի հատուկ սահմանափակում չի եղել:

Նախորդ հետազոտությունների ժամանակ մշտապես մասնակիցների հետ է եղել բուժքույրը, իսկ անչափահաս հիվանդները պետք է հատուկ հաստատությունում գիշերեին: Այս անգամ սահմանափակումները հանվել են, եւ բոլոր հիվանդներն ապրել են իրենց առօրյա սովորական կյանքով՝ զբաղվել են տան գործերով եւ աշխատանքի են գնացել: Միայն երկու պայմանի կատարման անհրաժեշտություն կար՝ հիվանդի կողքին պետք է մեծահասակ լիներ, որի հետ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլիներ կապ հաստատել, մասնակիցները նաեւ պետք է բնակվեին հետազոտությանը մասնակցող համալսարաններից մեկից մեքենայով կես ժամից ոչ ավելի հեռավորությամբ:

Հետազոտության ընթացքում հիվանդները կրել են գլյուկոզայի չընդհատվող մոնիտորինգի սարքեր, որոնք 5 րոպեն մեկ տվյալներն ուղարկել են iPhone 4S սմարթֆոնին: Եթե շաքարի մակարդակը նվազում էր, սմարթֆոնը ինսուլինով եւ գլյուկագոնով պոմպերին համապատասխան հրաման էր տալիս:

Եթե արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շատ էր նվազում, դա համարվում էր ֆորսմաժորային հանգամանք, ինչպես նաեւ ավելի քան 15 րոպեի ընթացքում պոմպերից եւ մոնիթորինգի սարքերից ազդանշանի բացակայությունը: Ցանկացած ֆորս-մաժորի մասին հաղորդագրությունն ուղարկվում էր հետազոտողներին, որոնք, իրենց հերթին, կապ էին հաստատում հիվանդների կամ նրանց հետ շփվող անձանց հետ:

Կլինիկական փորձարկումներին մասնակցել է ընդամենը 39 մեծահասակ, որոնց մոտ տիպ 1 շաքարախտն առնվազն 1 տարի առաջ էր ախտորոշվել: Հետազոտության պահին նրանք բոլորը ինսուլինային պոմպ էին օգտագործում առնվազն կես տարի անընդմեջ: 11 օր շարունակ բոլոր մասնակիցներն օգտագործել են բիոնիկական ենթաստամոքսային գեղձ, այնուհետեւ 11 օր՝ շաքարի վերահսկման սովորական համակարգ: Ընթացքում նրանք ամեն օր հարցաշար են լրացրել, որով նշել են հիպոգլիկեմիայի եւ սրտխառնոցի դրվագների մասին, նաեւ գրառել են, թե սնունդում ինչ  ածխաջրեր են օգտագործել՝ հիպոգլիկեմիան հաղթահարելու համար:

Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ մասնակիցների արյան մեջ գլյուկոզայի միջին մակարդակը ավելի ցածր է եղել՝ 141 մգ/դլ, երբ նրանք բիոնիկական ենթաստամոքսային գեղձն են օգտագործել, ընդդեմ սովորական ինսուլինային պոմպի 162 մգ/դլ-ի: Դրանից զատ, դեւայսը 3 անգամ ավելի հազվադեպ է նշել մինչեւ գլիկեմիայի մակարդակ շաքարի նվազում, իրենք հիվանդներն էլ են ասել, որ իրենց ինքնազգացողությունն ավելի լավ է եղել, երբ իրենց վիճակը վերահսվել է բիոնիկական ենթաստամոքսային գեղձի միջոցով, այլ ոչ թե արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման սովորական միջոցներով: