Վազքն օգտակար է ոչ միայն մկանների եւ ոսկորների, այլ նաեւ ուղեղի համար: Արիզոնայի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ վազքարշավի երիտասարդ մասնակիցների ուղեղի տարբեր հատվածներն ավելի սերտ են կապված, քան ավելի պակաս ակտիվ նրանց հասակակիցները:
Մասնավորապես, տարբերություններ են նկատվում ուղեղի այն գոտիներում, որոնց վրա զգալիորեն ազդում է ծերացումը: Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ վազորդների ուղեղն ավելի դանդաղ կծերանա, քան պասիվ մարդկանց ուղեղը: Իհարկե՝ սա դեռեւս պետք է ապացուցել: Բացի այդ, առայժմ հայտնի չէ, արդյո՞ք ուղեղում կապերի մեծ քանակությունն ազդում է վազորդների մտածելակերպի վրա:
Հետազոտությանը մրցավազքի մասնակցող 11 տղամարդ է մասնակցել, ինչպես նաեւ 11 առողջ կամավորներ, որոնք վերջին շրջանում չեն վազել: Կամավորները 18-25 տարեկան են եղել: Ուսումնասիրության ընթացքում տղամարդիկ ՄՌՏ հետազոտություն են անցել: Հետազոտությունը ցույց է տվել, որ վազորդների ուղեղում ավելի շատ միջնեյրոնային կապ է եղել: Իհարկե, չի կարելի պնդել, որ դրա պատճառը հենց վազքն է եղել:
Մյուս կողմից, ըստ հետազոտության հեղինակների, վազքն իսկապես օգնում է լուրջ ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի վրա. բանն այն է, որ վազելիս ուղեղը ստիպված է լինում բազմաթիվ բարդ մտավոր գործառույթներ իրականացնել, օրինակ՝ ծրագրում եւ որոշումների ընդունում, այդ պատճառով վազքը լավ է մարզում ուղեղն ու կարող է նպաստել դրա զարգացմանը:
Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Human Neuroscience ամսագրում:






