Նախորդ տարի ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը գրանցել է 15294 հեռախոսազանգ, 2015 թվականին` 13776:

Ստացված հեռախոսազանգերի գերակշիռ մասը տեղեկատվական եւ կազմակերպչական բնույթի են: 255-ը բողոք են պարունակել, որոնց կապակցությամբ գրություններ են ուղարկվել Երեւանի եւ մարզերի բժշկական կենտրոններին, հարուցվել են վարչական վարույթներ, բուժաշխատողների նկատմամբ կիրառվել են բանավոր զգուշացումներ, կարգապահական տույժեր: Մասնավորապես` հիվանդից գումար է պահանջվել, հիվանդների նկատմամբ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերվել, խախտվել են էթիկայի կանոնները, գերազանցվել են պաշտոնական լիազորությունները, ստացիոնար բուժումը չի ապահովվել, անվճար դեղորայք չի հատկացվել, տնային կանչը չի ընդունվել, շտապ բժկական օգնության կանչը չի սպասարկվել:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայության նպատակն է իրազեկել եւ պահպանել, անհրաժեշտության դեպքում նաեւ վերականգնել պացիենտների, ինչպես նաեւ բուժաշխատողների իրավունքները: Առողջապահության նախարարությունը կարեւորում է պացիենտ-բուժաշխատող իրավահարաբերությունները, մեր բնակչության իրազեկվածությունն առողջապահության բնագավառում: Հասարակության իրավագիտակցությունը հնարավորինս բարձրացնելու նպատակով կատարվում է անհրաժեշտ աշխատանք: Ցանկացած անձ իր առողջապահական իրավունքների եւ պարտականությունների մասին տեղեկատվություն կարող է ստանալ` զանգահարելով 8003 եւ 01052-88-72 հեռախոսահամարներին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը եւ ներկայացված բողոքները զեկուցվում են ՀՀ առողջապահության նախարարին եւ աշխատակազմի ղեկավարին: