Ժամանակ առ ժամանակ ալկոհոլով ինքդ քեզ երես տալ եւ կանոնավոր կերպով մարզվել. տարիքն առնելու հետ տեսողության սրությունը պահպանելու համար նման խորհուրդ են տալիս Վիսկոնսինի համալսարանի ակնաբույժները: Ophthalmology ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, այս համադրությունն այնքան արդյունավետ է, որ դրանից օգտվողները հասուն տարիքում ակնոցի կամ ոսպնյակի կարիք չեն ունենա: Այս մասին տեղեկացնում է NewsmaxHealth-ը:
Տեսողության կորուստը կանխելու հնարավոր միջոցները պարզելու համար առաջատար հետազոտող Ռոնալդ Քլայնն ու նրա գործընկերներն ուսումնասիրել են տեսողության վրա ծխախոտի, ալկոհոլի եւ ֆիզիկական ակտիվության ազդեցությունը: Նրանք 1988 եւ 2013 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել են 43-84 տարեկան շուրջ 5000 մարդու բժշկական գրառումները:
Այդ ժամանակահատվածում տեսողության խանգարումներ սկսվել են հիվանդների 5.4 տոկոսի մոտ, սակայն ուսումնասիրության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ.
- ֆիզիկապես ակտիվ մարդկանց մոտ, ովքեր շաբաթական երեք անգամ կանոնավոր կերպով մարզվում են, տեսողությունը կորցնելու վտանգը 58 տոկոսով ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր նստակյաց եւ պասիվ կենսակերպ են վարում:
- իսկ շաբաթական մեկ անգամ չափավոր քանակությամբ (մեկ բաժակ) ալկոհոլ օգտագործողների մոտ տեսողության կորստի հավանականությունը գրեթե երկու անգամ ավելի քիչ է եղել, քան նրանց չխմող տարեկիցների մոտ:
Միաժամանակ, շատ խմող եւ ծխող մարդկանց մոտ տեսողության կորստի հավանականությունն ավելի բարձր է եղել, քան չխմողների եւ չծխողների մոտ:






