Հայաստանում ավարտվել է STEPS ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վտանգի տարածվածության գործոնների մասշտաբային հետազոտությունը: Հիմա մասնագետները վերլուծում են ստացած տվյալները, իսկ արդյունքների մասին հայտնի կդառնա մեկ ամսվա ընթացքում: Այս մասին լրագրողներին հայտնեց  Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

STEPS հետազոտությունների նպատակը 18-ից միչեւ 69 տարեկան հայերի շրջանում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների վտանգի գործոնների տարածվածության վերլուծությունն է: Հետազոտությունն անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մշակած մեթոդով, որի արդյունքները կարող են ճշգրիտ տեղեկություններ տալ այն մասին, թե սիրտ-անոթային եւ օնկոլոգիական հիվանդությունների վտանգի ինչպիսի գործոններ են ազդում հայերի առողջության վրա: Այսպիսի հետազոտություն է անցկացվում արդեն աշխարհի 100 երկրներում:

«Այս հետազոտությունը մեզ հնարավորություն է տալիս ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ավելի արդյունավետ մոտեցում մշակել: Չմոռանանք, որ այս հիվանդությունները մեր երկրում մահացության հիմնական պատճառն են՝ մեզ մոտ մահվան դեպքերի մոտ 85-86 տոկոսը կապված է հատկապես առավել տարածված ոչ ինֆեկցիոն հիվանդությունների հետ»,- նշեց Ծաղիկ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ մյուս խնդիրն այն է, որ Հայաստանում վերջին տարիներին ոչ ինֆեկցիոն հիվանդությունները «երիտասարդանում են». եթե անցյալում նույն սրտային հիվանդությունները հանդիպում էին հիմնականում տարեց մարդկանց շրջանում, ապա այսօր դրանք ախտորոշվում են միջին տարիքի եւ նույնիսկ երիտասարդների մոտ: Այս հիվանդությունների կանխարգելման համար, որոնք մեծ թվով կյանքեր են խլում եւ շատ մարդկանց հաշմանդամ են դարձնում, կարեւոր է հասկանալ, թե հատկապես վտանգի ինչ գործոններ են տարածված երկրի բնակչության շրջանում, եւ ինչպես են դրանք ազդում մարդկանց առողջական վիճակի վրա:

ԱՀԿ մասնագետները նշում են, որ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների 80 տոկոսը կարելի է հեշտորեն կանխարգելել, եթե բացառվեն դրանց առաջացման գործոնները եւ առողջ կենսակերպ վարվի՝ ճիշտ սնվել, շատ շարժվել, ալկոհոլը չչարաշահել եւ իհարկե՝ չծխել: