ԱՄՆ Յուտայի համալսարանի փորձագետները հայտնաբերել են միզուղիների վարակով հիվանդների բուժման արդյունավետ միջոց։ Մկների վրա փորձ կատարելիս՝ նրանք հայտնաբերել են, որ հիտոզանի եւ հակաբիոտիկների համադրությունը օգնում է կանխարգելել բակտերիաների կուտակումը, հաղորդում է Fox News-ը:

Փորձերի արդյունքում նրանք հայտնաբերել են, որ E. coli մանրէն ակտիվ ազդեցության մեջ է մտնում հակաբիոտիկների հետ, ինչն օգնում է վերացնել բակտերիաները։

Միզուղիների վարակը հաճախ առաջանում է, երբ աղիքային մանրէներր վարակում են միզապարկը, որի արդյունքում սկսվում է հիվանդագին միզածորում եւ միզելու հաճախականությունը մեծանում է։ Այս վարակը հաճախ հանդիպում է կանանց մոտ այն պարզ պատճառով, որ կանանց միզուղիներն ավելի կարճ են։ Միզուղիների վարակով հիվանդներին նշանակում են հակաբիոտիկներ, սակայն բուժման այս մեթոդը արդյունավետ չէ, քանզի այն ամբողջովին չի վերացնում վարակը միզապարկի հյուսվածքների շերտերից։

«ՄԿՎ –ով հիվանդների 25%-ի մոտ բուժումից  6 ամիս անց  ախտանշանները կրկնվում են, ինչն  էլ նշանակում է, որ հակաբիոտիկները ի վիճակի չեն ի սպառ  վերացնելու հիվանդությունը»-ասում է հետազոտության հեղինակ Մեթյու Բլանգոն:

Խնդրին լուծում գտնելու նպատակով փորձագետները համադրել են տարբեր հակաբիոտիկներ հիտոզանի հետ, որը խեցգետնավորների խեցիից ստացվող նյութ է։ Նրանք հայտնաբերել են, որ այդ դեպքում ֆտորհինոլոնը, այդ թվում նաեւ  սպարֆլոկսացինը և ցիպրոֆլոկսացինը, որոնք սովորաբար նշանակում են բժիշկները, առավել արդյունավետորեն  էին գործում՝ բակտերիաները հեռացնելով միզապարկից:

Համաձայն փորձագետների հրապարակած տվյալների, հիտոզանը միզապարկից մեծ քանակությամբ էպիթելային հյուսվածքներ է շերտազատում, ինչը թույլ է տալիս հակաբիոտիկներին ավելի խորը ներթափանցել հյուսվածքների մեջ վարակի վերացման համար։ Նշված էպիթելային հյուսվածքները, որոնք արգելում են մեզի ներթափանցումը միզապարկի հյուսվածքի մեջ , արագ վերականգնվում են եւ կրկին ձեւավորում են պաշտպանիչ շերտ բուժում ստանալուց հետո։

ԱՄՆ Երիկամների Ազգային Հիմնադրամի համաձայն, ամեն տարի մոտ 10 միլիոն միզուղիների վարակով տառապող հիվանդներ դիմում եմ բժշկական խորհրդատվության։