Հայաստանի կառավարությունը փետրվարի 2–ի նիստում հավանության է արժանացրել Պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման զարգացման ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ռազմավարության ներդրման հիմնական նպատակը հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների համակարգված եւ ամբողջական մատուցման շնորհիվ անբուժելի, արագ զարգացող եւ հիվանդության վերջնական փուլում գտնվող հիվանդություններով տառապող անձանց կյանքի որակի բարելավման հնարավորության ստեղծումն է, հոգեբանական, սոցիալական եւ հոգեւոր աջակցության ցուցաբերումը: Արդյունքում ակնկալվում է պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման զարգացում, բնակչությանը մատուցվող պալիատիվ ծառայությունների մատչելիության, հասանելիության, որակի եւ արդյունավետության բարձրացում:
Պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության ծառայությունը առողջապահության համակարգի գործունեության նոր` մարդասիրական ուղղություններից մեկն է եւ ունի սոցիալական կարեւորություն։
Ինչպես աշխարհում, այնպես էլ` Հայաստանում, այդ ծառայության անհրաժեշտությունը պայմանավորված է 21-րդ դարի սկիզբին ոչ վարակիչ հիվանդություններով եւ քաղցկեղով հիվանդացության անբարենպաստ միտումներով, բնակչության ծերացման աճով։
Հայաստանի առողջապահական համակարգի տարբեր մակարդակներում պալիատիվ բժշկական օգնությունը եւ սպասարկումը գնահատելու եւ ներդնելու նպատակով վերջին երեք տարվա ընթացքում հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվել է ուսումնասիրություն։ Բազմաթիվ համաժողովների եւ հանդիպումների ընթացքում քննարկվել է պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման առկա ծառայությունների վիճակը եւ խնդրի կարեւորությունը: Միաժամանակ ուսումնասիրվել է պալիատիվ բժշկական ներդրման միջազգային փորձը:
Ըստ վիճակագրական վերլուծության տվյալների` Հայասատանի Հանրապետությունում օրական շուրջ 3000 հիվանդ կարիք ունի պալիատիվ բժշկական օգնության ծառայությունների:






