Եղանակային փոփոխություններն ազդում են մարդկանց ոչ միայն տրամադրության, այլեւ ինքնազգացողության վրա. քրոնիկ հիվանդությունները սրվում են՝ երբեմն լրջորեն վտանգելով առողջությունը։ Այն մասին, թե ինչպես է կարելի խուսափել քրոնիկ հիվանդությունների սեզոնային սրացումներից, մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը և Երեւանի գլխավոր սրտաբան եւ կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար Պարունակ Զելվեյանը։

«Գարնանը սրվում են քրոնիկ հիվանդությունները՝ մասնավորապես հոգեկան, նյարդաբանական, սրտաբանական եւ այլն, - ասաց պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը։ - Երբ օրը երկարում է, եւ արեւի լույսի քանակն ավելանում է, գրգռվում է սուպրախիազմալ կորիզը, որը մեր օրգանիզմում եւ ուղեղում արթնացնում է մի շարք ռեակցիաներ»։

Եթե մարդն առողջ է, նրա օրգանիզմը հեշտությամբ դիմակայում է բոլոր տեսակի եղանակային փոփոխություններին, իր հերթին նշեց Պարունակ Զելվեյանը։ «Իսկ եթե օրգանիզմում կան քրոնիկ հիվանդություններ, կլիմայական փոփոխությունները որպես սթրեսածին գործոններ կարող են օրգանիզմում մի շարք ախտաբանական ռեակցիաներ առաջացնել», - ասաց նա։

Այսպիսով, ինչպե՞ս է կարելի խուսափել սեզոնային սրացումներից։

Նախեւառաջ, բժիշկները համակարծիք էին այն հարցում, որ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց պետք չէ սպասել գարնանային սրացումներին՝ ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար։ Ցանկալի է մշտապես կապի մեջ լինել բուժող բժիշկի հետ եւ նախօրոք քննարկել նրա հետ, թե ինչ խնդիրներ կարող են առաջացնել եղանակային փոփոխությունները եւ ինչպես է կարելի այդ խնդիրները լուծել։ Եթե կարիք լինի, բուժող բժիշկը կնշանակի պրոֆիլակտիկ դեղեր, որոնք կօգնեն ավելի հեշտ տանել եղանակային փոփոխությունները։

Կա սեզոնային սրացումները թեթեւացնելու եւս մեկ միջոց, որը միաժամանակ եւ հեշտ է, եւ դժվար։ Ինչպես նշեցին բժիշկները, պետք է ընդամենը առողջ ապրելակերպ վարել՝ առավոտյան ցնցուղ ընդունել, լողավազան գնալ, օրվա ընթացքում շատ շարժվել, ճիշտ սնվել, չչարաշահել ալկոհոլը եւ իհարկե չծխել։ Բժիշկների խոսքով՝ այս պարզ խորհուրդներին հետեւող մարդիկ իրենց լավ կզգան միշտ՝ անկախ սեզոնից եւ եղանակային փոփոխություններից։