Ըստ նոր հետազոտության սթրեսը կարող է կոտրել մարդկային սրտերը։ Գիտնականները հայտնաբերել են «կոտրված սրտի համախտանիշի» դեպքերի քանակի նկատելի ավելացում Վերմոնտում այն բանից հետո, երբ հսկա փոթորիկը անցավ ամբողջ նահանգով, ինչպես նաեւ Միսսուրիում զանգվածային տորնադոյից հետո, հաղորդում է Newsmax Health-ը։

Կոտրված սրտի համախտանիշով մարդիկ (պաշտոնական անվանումը՝ Տակոցուբոյի կարդիոմիոպաթիա) տառապում են սրտի ժամանակավոր լայնացումով եւ թուլացումով։ Այս վիճակը ավելի է սրվում էմոցիոնալ կամ ֆիզիկական սթրեսից, օրինակ՝ սիրելի անձնավորության կորուստ կամ ավտովթար։

« Չնայած բնական աղետների անընդհատ աճող քանակին, այնուամենայնիվ, մենք չգիտենք թե այդ վիճակը ինչպես է ազդում սրտի աշխատանքի վրա», - հայտնում է Արկանզասի համալսարանի առաջատար հետազոտող, ինտերն Սադիպ Պանտը։

Բժիշկների համալսարանական խումբը ԱՄՆ-ում ուսումնասիրել է ավելի քան 22 000 մարդկանց տվյալներ, որոնց մոտ 2011թ-ին ախտորոշվել է կոտրված սրտերի համախտանիշ։ Նրանք հետեւել են դեպքերին նահանգներում եւ հայտնաբերել են, որ Միսսուրիում եւ Վերմոնտում առկա է ամենաբարձր ցուցանիշը՝ 169 եւ 380,  մեկ միլիոն բնակչության հաշվարկով։

Կոտրված սրտի ախտանիշները ներառում են ցավ կրծքավանդակում եւ հեւոց։ Սովորաբար նման վիճակը անցնում է 1-2 ամիս հետո, սակայն լինում են բարդացումների դեպքեր սրտային անբավարարության, որոշ դեպքերում նաեւ սրտի ռիթմի խանգարումների, ինսուլտի ձեւով։

«Ընդհանուր առմամբ  դրանք կարդիոմիոպաթիայի վերականգնվող դեպքեր են, սակայն սուր շրջանում նմանատիպ հիվանդները ունեն հետեւողական խնամքի կարիք, որպեսզի համոզվենք, որ նրանք կայուն են հետագա խնդիրների կանխարգելման եւ բուժման համար», -ասաց Պանտը։

«Կոտրված սրտի համախտանիշը մարդու օրգանիզմում ուղեղ-սիրտ փոխադարձ կապի վառ օրինակ է,- ասում է Պանտը,- ուղեղում էմոցիոնալ սթրեսը կարող է հանգեցնել պատասխան ռեակցիայի սրտում եւ ցավոք այս իրավիճակի մասին դեռեւս շատ բան հայտնի չէ»։