Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հանձնաժողովի հուշագրի շուրջ, որը հոմեոպատիան կեղծ գիտություն էր ճանաչել, նոր սկանդալ է ծավալվում: Պարզվում է՝ հուշագրի տեքստը հանձնաժողովի անդամներին են ուղարկել փոստով, եւ ոչ բոլորն են դրան ծանոթացել:
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» նշում է, որ կեղծ գիտության հարցով հանձնաժողովի անդամ, ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Կոլեսնիկովը լրատվամիջոցներին հրապարկավ ասել է, որ որքանով իրեն հայտնի է, այս հանձնաժողովի նիստում հուշագիրը չի քննարկվել. այն ստորագրողների թվում մեծ թվով կողմնակի անձինք կան, իսկ բժիշկներ գրեթե չկան, դրա փոխարեն «կան «մեծ դեղատների» լոբբիստներ»:
«Այս հապշտապ ընդունված բանաձեւը չի համաձայնեցվել գիտնական բժիշկների, ՌԳԱ հանձնաժողովի անդամների, իսկ ես նրանցից մեկն եմ, մեծ մասի հետ, բանաձեւի հայտնվելը մեզ համար միանգամայն անսպասելի էր: Առնվազն կոռեկտ չէ հուշագիրը մեկնաբանել որպես ՌԳԱ-ի դիրքորոշում»,- ասել է գիտնականը:
«Հուշագրի տեքստը մենք հանձնաժողովի անդամներին ենք ուղարկել փոստով, եթե որեւէ մեկը դրա հետ չի ծանոթացել, մենք մեղավոր չենք»,- արդարացել է ճշմարիտ գիտության կողմնակից, «Էվոլյուցիա» հիմնադրամի աշխատակից Ալեքսանդր Պանչինը:
Այլ կերպ ասած՝ այսքան աղմուկ հանած փաստաթղթի տեքստը գուցեեւ բոլորին ուղարկել են, սակայն այն հապճեպ են ընդունել, ինչով գրավել են փորձագետների ուշադրությունը:
Ի դեպ, ավելի հետաքրքիր է, թե այս հուշագիրն ինչու հենց հիմա հայտնվեց՝ Ռուսաստանում հոմեոպատիան պաշտոնապես ճանաչելուց ավելի քան 20 տարի հետո: Բացի լոբբինգի ծամծմված տարբերակից, կարող են նաեւ այլ բացատրություններ լինել: Օրինակ՝ անհիմն սկանդալը թույլ է տալիս ուշադրությունը շեղել բժշկության այլ՝ շատ ավելի լուրջ խնդիրներից:
Մինչդեռ հուշագիրը ստորագրած անձանց խումբը փորձում է այն բացատրել իր անկեղծ մտադրություններով եւ ժողովրդին լուսավորելու ձգտմամբ: Սակայն բժշկությունը ոչ միայն գիտություն է, այլ նաեւ արվեստ: Երբեմն մարդիկ առողջանում են միայն իրենց ուժերին հավատալու, դրական տրամադրվածության շնորհիվ: Իրենց պրակտիկայում բժիշկներն այսպիսի հիվանդների հանդիպում են:
«Մենք չենք առաջարկում որեւէ բան արգելել, ուղղակի ցանկանում ենք, որ քաղաքացիները տեղյակ լինեն, որ դա չի աշխատում»,- իր նախաձեռնության իմաստն է պարզաբանում Պանչինը: Սակայն անհասկանալի հուշագրի հայտնվելը միանգամայն հակառակ էֆեկտ է առաջացրել: Այն մարդիկ, ովքեր հավատում էին հոմեոպատիային, հակասական զգացումների պատճառով սկսել են դրան էլ ավելի շատ հավատալ: Նրանք, ովքեր չէին հավատում, նույն կարծիքին են մնացել: Իսկ որոշ լրագրողներ, որոնք նախապես հոմեոպատիայի դեմ էին տրամադրված, իրավիճակը գնահատելով՝ անցել են «հալածվածների» կողմը»,- նշված է «Մոսկովսկի կոմսոմոլեցում»:
Ռուսական շատ լրատվամիջոցներ, այնուամենայնիվ, հանդես են եկել «Հուշագրի» աջակցությամբ: Այսպես՝ «Վզգլյադ» թերթը, որը հոմեոպատիայի քննադատների կողմում է, նշել է, որ «ռուսական գիտական հանրությունը տարածվող կեղծ գիտական պրակտիկայի սովորական ժխտումներից դրանց վրա ակտիվ հարձակման է անցել»: «Ո՞րն է պատճառը (ժողովրդի կողմից իրատեսության կորստի պատճառով գիտական շրջանակներում դժգոհության պոտենցիալի կուտակո՞ւմը, ֆինանսակա՞ն հարցերը կամ այլ գործոններ) հարցը հետաքրքիր է եւ առանձին քննարկում պահանջող: Բայց բանաձեւին հզոր արձագանքը, որը մինչ օրս կեղծ գիտության հարցերով հանձնաժողովի մասնագետների շրջանակից դուրս քիչ է հայտնի, վկայում է, որ հայտարարությունը ուղիղ թիրախին է դիպել: Հեռուստաշոուներում հանրաճանաչ աստղագուշակության, էքստրասենսության եւ ժողովրդին զվարճացնելու ուրիշ միստիկ ծրագրերի ներկայացուցիչների համար սա ուշադրությունը լարելու լավ առիթ է»,- նշել է պարբերականը:
«Վեդոմոստին», որը նույնպես է դեմ է հանդես գալիս հոմեոպատիային, հարց է բարձրացրել առողջապահության ռուսական քաղաքականության արդյունավետության վերաբերյալ: «Միջազգային ամսագրերում ռուսական բժշկության քաղաքականության արդյունավետության գնահատականները բացակայում են, ինչպես բացակայում են հոմեոպատիայի արդյունավետությունը ցուցադրող աշխատանքները: Ի տարբերություն մեզնից շատերի համար անվնաս շաքարի գնդիկների՝ պետական որոշումները կարող են միայն ակտիվորեն նվազեցնել մարդկանց կյանքի տեւողությունը: Խնդիրն այն չէ, որ առանձին դյուրահավատ մարդիկ հոմեոպատիայով են բուժվում, այլ այն, որ ռուսական ամբողջ քաղաքականությունն է հոմեոպատիա»,- նշել է պարբերականը:






