Այսուհետ էրեկտիլ դիսֆունկցիայով տառապող տղամարդիկ այդ խնդրի լուծման համար դեղերի կարիք չեն ունենա: Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ կենսակերպը փոխելը` ավելորդ կիլոգրամների կորուստը, առողջ սնունդը և ֆիզիկական վարժություններով զբաղվելը նույնքան էֆեկտիվ կարող է լինել էրեկտիլ դիսֆունկցիայի (այսուհետև` ԷԴ) խնդրից ձերբազատվելու համար, որքան ` դեղամիջոցները:
Հետազոտողները վերլուծել են 810 տղամարդու տվյալներ, որոնց հետեւել են հինգ տարվա ընթացքում, եւ այդ ժամանակամիջոցում նրանցից 31-ի մոտ զարգացել էր ԷԴ: Հետազոտողները պարզել են, որ նրանցից շատերը կարողացել են լիովին վերացնել այդ խնդիրը` ուղղակի փոխելով կենսակերպը` ճիշտ սնվելով, ավելորդ կիլոգրամներից ազատվելով, ալկոհոլի գործածումը քչացնելով և նորմալ քնելով, հաղորդում է NewsmaxHealth-ը` հղում անելով Sexual Health ամսագրի հոդվածին:
Առաջատար հետազոտող Շոն Մարտինը ասել է, որ տղամարդիկ պետք է փոխեն իրենց կենսակերպը, անգամ եթե դեղ են խմում՝ սեքսուալ ֆունկցիան արագ վերականգնելու համար։
«Էրեկտիլ դիսֆունկցիան կարող է վկայել շատ լուրջ խնդրի մասին, քանի որ հաճախ դա սրտանոթային հիվանդությունների մասին է ազդարարում»,- հավելել է նա: Այդ իսկ պատճառով ԷԴ խնդիրը լուծելով` տղամարդիկ բարելավում են նաեւ իրենց սրտանոթային առողջությունը և նվազեցնում շաքարախտի զարգացման հավանականությունը:






