Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հարկավոր է մշտապես համալրել. որքան շատ այդ ռեեստրում պոտենցիալ դոնորներ լինեն, այնքան ավելի մեծ կլինի ոսկրածուծի պատվաստման կարիք ունեցող հիվանդների համար դոնորոներ գտնելու հավանականությունը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մինսկի իմունոլոգիայի, արյունաբանության եւ օնկոլոգիայի մանկական կենտրոնի փոխպատվաստաման բաժանմունքի ղեկավար Նինա Մինակովսկայան:
Կենտրոնը, որում աշխատում է մասնագետը, արդեն 20 տարի է՝ ոսկրածուծի փոխպատվաստում է իրականացնում: Հայաստանում վերջերս վերանորոգեցին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքը, որտեղ մոտ ապագայում նույնպես կսկսեն նման փոխպատվաստումներ կատարել:
Ըստ Նինա Մինակովսկայայի՝ ոսկրածուծի ռեեստրները շատ կարեւոր են, դրանց շնորհիվ հնարավոր է լինում փրկել արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդներին: Եթե հիվանդը ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի, ապա նրան պետք է դոնոր, որը նրան հետ համատեղելի է 100%-ով: Հավանականությունը, որ նման դոնոր կարող է գտնվել հարազատների՝ քրոջ, եղբոր շրջանում, 20% է:
Նինա Մինակովսկայայի խոսքով՝ ռեեստրների շնորհիվ պատվաստման կարիք ունեցող հիվանդների 75%-ին հաջողվում է դոնոր գտնել: Սակայն շատ բան կախված է հիվանդի ազգությունից եւ նրանից, թե որ ռեեստրներում են նրա համար դոնոր փնտրում: Օրինակ, կովկասցի հիվանդի համար դժվար է համապատասխան դոնոր գտնել եվրոպական ռեեստրում, քանի որ նրանք տարբեր գենոտիպ ունեն: Եթե Հայաստնում ոսկրածուծի մեծ ռեեստր լինի, ապա հայ հիվանդների համար դոնոր գտնելն ավելի հեշտ կլինի:
Նշենք, որ ներկայումս Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում մոտ 28.000 պոտենցիալ դոնոր է գրանցված: Վերջին 10 տարվա ընթացքում նրանցից 30-ը դոնորներ են դարձել լեյկեմիայով, լեյկոզով եւ արյան այլ չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների համար:
Այդ 30 հայ դոնորներից մեկը Վահեն է, որը 100%-ով համատեղելի է եղել լեյկոզով տառապող իտալացի աղջկա համար: Փոխպատվաստումից, հետո հենց նույն օրը, աղջիկը բացել էր աչքերը, սկսել խոսել, երգել ու խաղալ: Փոխպատվաստման շնորհիվ նա ոչ միայն ողջ մնաց, այլ դրանից 10 տարի անց էլ ապրում է նորմալ կյանքով:
Դոնոր դառնալ ցանկացողները կարող են դիմել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր: Պոտենցիալ դոնոր կարող է լինել 18-ից 50 տարեկան առողջ մարդը: Դոնորից պահանջվում է միայն տալ 2 մլ արյուն, եւ նրա տվյալները կգրանցվեն ռեեստրում:






