Պրեստանս դեղը «Նատալի Ֆարմ» ընկերությունը ներմուծում է անմիջապես արտադրողից՝ ֆրանսիական Les Laboratoires Servier ընկերությունից, իսկ Ցեֆտրիակսոնը ստանում է «Աստերիա» ընկերությունից, որը Հայաստանում այս դեղի պաշտոնական ներկայացուցիչն է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց «Նատալի Ֆարմ» դեղ ներմուծող ընկերության դեղատնային ցանցի ղեկավար Արման Ասատրյանը՝ մեկնաբանելով Հայաստանի շուկայում Պրեստանս եւ Ցեֆտրիակսոն կեղծ դեղերի հայտնվելու հետ կապված իրավիճակը:
Նրա խոսքով՝ Առողջապահական պետական տեսչության ներկայացուցիչները եղել են «Նատալի Ֆարմի» մի շարք դեղատներում, սակայն Պրեստանս եւ Ցեֆտրիակսոն դեղերի մասով ոչ մի շեղում չեն հայտնաբերել:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am Medicine-ի թղթակցին այս տեղեկությունը հաստատեցին՝ նշելով, որ ստուգումների արդյունքներով խոշոր նորմուծող ընկերություններից ոչ մեկը երկիր կեղծ Պրեստանս եւ Ցեֆտրիակսոն չի ներկրել: Սակայն կոնկրետ ինչ ճանապարհով են այս դեղերը հայտնվել դեղատների վաճառադարակներին՝ Առողջապահության նախարարությունում դեռեւս չեն կարող ասել, քանի որ քննություն է ընթանում:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը հայտնել էր մի շարք դեղատներում կեղծ Ցեֆտրիակսոն եւ Պրեստանս (5 մգ/10 մգ, N30, սերիա 0590516, պիտանիության ժամկետը 11.2018) հայտնաբերելու մասին: Հայտարարվել էր, որ օրիգինալից կեղծ Պրեստանսի հիմնական տարբերությունը սերիայով է արտահայտվում՝ օրիգինալ դեղի վրա այն վեցանիշ է, իսկ կեղծի՝ յոթանիշ: Հայտնաբերվել են նաեւ փաթեթի ձեւի եւ գույնի տարբերություններ:
Ավելի ուշ Դեղերի փորձագիտական կենտրոնը լաբորատոր հետազոտությունների հիման վրա հայտնել էր, որ կեղծ Պրեստանսի բաղադրությունը առերեւույթ նման է դեղի Հայաստանում գրանցված տարբերակի բաղադրությանը, սակայն զգալի շեղումներ ունի:






