Հայկական ջերմոցային կոոպերատիվներում ձգտում են որքան հնարավոր է քիչ քիմիկատներ օգտագործել, իսկ հողը պարարտացնում են գոմաղբով ու թռչնաղբով: Այսպիսի ջերմոցներում աճեցված բանջարեղենը էկոլոգիապես մաքուր է եւ անվտանգ: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Լճքաձոր համայնքում Օքսֆամ կազմակերպության հիմնադրած կանանց կոոպերատիվի ղեկավար Լուսինե Վեջանյանը:

Կոոպերատիվի ջերմոցը 550 քառակուսի մետր մակերես ունի, որտեղ 33-ից 60 տարեկան 12 կանայք, հերթափոխով աշխատելով, բանջարեղեն, հիմնականում լոլիիկ են աճեցնում: Նրանք մեծ եկամուտ չեն ստանում՝ ջերմոցը տարեկան տալիս է մոտ 600 հազար դրամի շահույթ, դա անչափ քիչ է, եթե բաժանենք 12 աշխատակիցների միջեւ: Այդուհանդերձ, Լուսինե Վեջանյանի խոսքով, կանայք ուրախ են աշխատելու եւ որակյալ արտադրանք տալու հնարավորությամբ, ի վերջո՝ Տավուշի նման շրջաններում աշխատանք գտնելը շատ դժվար է:

Սակայն եթե ջերմոցում ջեռուցման համակարգ անցկացվի, այն կարող է աշխատել ոչ միայն գարնանից աշուն, այլ ամբողջ տարին, եւ եկամուտներն էլ ավելի շատ կլինեն: Լուսինե Վեջանյանի պարզաբանմամբ՝ քանի որ ջերմոցը ջեռուցման համակարգ չունի, այնտեղ սկսում են աշխատել միայն մարտից, իսկ երբ առաջին բերքը հասունանում է, շուկայում է արդեն հայտնվում նաեւ «դաշտային» լոլիկը, այդ պատճառով էլ իրենց արտադրանքն այնքան էլ մրցունակ չի դառնում եւ վաճառվում է բավական էժան՝ կիլոգրամի դիմաց 150-200 դրամ: Իսկ եթե իրենք ձմռանը բերք ունենան, ապա կկարողանան լոլիկի կիլոգրամը վաճառել միջինը 1000 դրամով: Կոոպերատիվի ղեկավարը համոզված է, որ հայերից շատերը ձմռանը կնախընտրեն Վրաստանից ներմուծվող լոլիկի փոխարեն իրենց արտադրանքը գնել:

Նշենք, որ այսօր՝ մարտի 8-ին, Լուսինե Վեջանյանը եւ մի շարք այլ կանայք, որոնք գյուղատնտեսությամբ են զբաղվում, «Գյուղարտադրանքի կին հերոսուհի-2017» ազգային մրցանակաբաշխության շրջանակում հատուկ պարգեւների են արժանացել: