Պետության հնարավորությունները դեռեւս թույլ են տալիս վճարել մեկ նեղացած անոթի ստենտավորումը սրտի կաթվածը կասեցնելու համար: Խոսքն անհետաձգելի օգնության մասին է, երբ շտապ պետք է բացել այն անոթը, որի նեղացումը սրտի կաթված է առաջացրել: Այս մասին մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հանրապետության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի այն հարցին, որ Stent for Life պետական ծրագիրը լիարժեք չէ, քանի որ հիվանդներին ամբողջական բուժման համար հաճախ մի քանի ստենտ է հարկավոր, ըստ որում՝ դեղապատ, եւ այդ դեպքում նրանք, միեւնույն է, ստիպված են վճարել:
Նրա խոսքով՝ այս ծրագրի շրջանակներում մեկ անոթում տեղադրվում է մեկ (երբեմն՝ մի քանի) ոչ դեղապատ ստենտ: Հնարավոր է նաեւ երկրորդ ստենտի տեղադրումը, բայց նույն անոթում, որպեսզի ապահովվի նրա ամբողջական անցանելիությունը: «Խոսքը միայն սրտի կաթված առաջացնող անոթի մասին է: Այսինքն՝ խոսքը սրտի կաթվածի պատճառի վերացման մասին է: Եթե հիվանդի այլ անոթներն էլ են նեղացած կամ տվյալ անոթի այլ հատվածը (սրտի կաթվածի վրա չազդող), ապա, բնականաբար, այս անոթների ստենտավորումը հետագայում է կատարվում, պլանային կարգով, վճարովի հիմունքներով»,- ասաց նա:
Ի պատասխան հարցին՝ արդյոք այդքան տարբերվո՞ւմ է դեղատապ ստենտի գինը ոչ դեղապատից, եւ չի՞ կարելի ծրագրի մեջ ներառել դեղապատ ստենտը, քանի որ այն ավելի արդյունավետ է, Համլետ Հայրապետյանը նշեց, որ պետության հնարավորությունները սահմանափակ են, իսկ ծրագիրն ուղղված է բոլոր կարիք ունեցողներին առավելագույնս ընդգրկելուն: «Մենք չենք կարող դեկտեմբերին հիվանդին ասել, որ քո ինֆարկտը հիմա է եղել, իսկ մեր փողերն արդեն սպառվել են: Մենք ստիպված ենք տեղավորվել այդ գումարի շրջանակում եւ սպասարկել անհետաձգելի օգնության կարիք ունեցող բոլորին: Այս պատճառով տեղադրվում է համեմատաբար էժան ստենտ»,- ասաց նա՝ հավելելով, որ սրտի կաթվածի դեպքում գլխավորը անոթը բացելն է: Նրա խոսքով՝ իհարկե, դեղապատ եւ ոչ դեղապատ ստենտների միջեւ տարբերություն կա, բայց տվյալ դեպքում էականը արյան շրջանառության վերականգնումն է: «Այսինքն՝ տվյալ գործողության իմաստը, նպատակը իրականացվում է: Իհարկե, դեղապատ ստենտն ավելի նախընտրելի է, քանի որ այն կիրառելիս վռեստենոզի հավանականությունը ավելի փոքր է: Սակայն սրտի սուր կաթվածի դեպքում դա մեծ նշանակություն չունի»,- ասաց նա:
Իսկ հարցին՝ կարո՞ղ է հիվանդը վճարել դեղապատ եւ ոչ դեղապատ ստենտների արժեքի տարբերությունը եւ տվյալ ծրագրի շրջանակում դեղապատը ստանալ, գլխավոր սրտաբանը բացասական պատասխան տվեց: «Ծրագրի դրույթներում նշված է, որ հիվանդը կա՛մ օգտվում է այս ծրագրից եւ անվճար է սպասարկվում, կա՛մ, եթե դեղապատ ստենտն է ընտրում, ապա ամբողջ գումարն է վճարում: Սրա իմաստն այն է, որ ծրագրից կարողանան օգտվել անվճարունակ մարդիկ: Եթե տարբերությունը վճարելու հնարավորություն տրվի, ապա ծրագրից կօգտվեն վճարունակ մարդիկ, եւ այդ դեպքում այս ծրագրին հատկացված գումարը չի բավականացնի բոլորին սպասարկելու համար»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե հավելյալ կամ դեղապատ ստենտների գնի տարբերությունը վճարելն ավելի տրամաբանական է թվում, քանի որ պետությունը, միեւնույն է, այդ դեպքերի համար նախատեսում է իր 700 հազար դրամը, Համլետ Հայրապետյանը պատասխանեց. «Եթե մարդն ապահովված է, նա կարող է ամբողջ գումարը վճարել՝ տրամաբանությունը սա է: Իսկ այն մարդը, որն ի վիճակի չէ վճարել, կարող է ընդհանրապես օգնություն ստանալու հնարավորությունից զրկվել: Չէ՞ որ ստենտավորման կարիք ունեցողների թիվը մեծ է՝ 5-6 հազար մարդ, ծրագիրը չի կարող բոլոր դեպքերում օգնել»,- ասաց նա:
Ըստ որում՝ Համլետ Հայրապետյանը նշեց, որ 2015 թվականից Stent for Life ծրագրի իրականացումը Հայաստանում համարվում է վերջին տարիներին առողջապահության ոլորտում թոփային ձեռքբերումներից մեկը: Նրա խոսքով՝ զարգացած շատ երկրներում մարդիկ այսպիսի՝ անվճար ստենտավորվելու հնարավորություն չունեն:






