Երեխաների մոտ փորկապությունը բավականին տարածված երեւույթ է: Համաձայն Pediatric Health Care ամսագրի Մեծ Բրիտանիայում մանկաբույժներին դիմելու պատճառների 5%-ը կապված է փորկապության հետ:
Փորկապությունը սկսվում է ամենավաղ տարիքում, նույնիսկ նորածնային: Փորձագետները համաձայն են այն կարծիքի հետ, որ պատճառն այն է, որ երեխաները քմահաճ սնվողներ են, եւ նրանց սննդում բջջանյութը անբավարար քանակով է, հաղորդում է Fox News-ը:
Եվ երբ նրանք պարբերաբար չեն արտաթորում, կղանքը ջրազրկվում է եւ առաջանում է կանգ, որի հետեւանքով կղազատումը ցավոտ է դառնում:
Երեխային փորկապությունից ազատելու մի քանի ձեւ գոյություն ունի: Փորձագետները կիսվում են իրենց մեթոդներով Fox News ալիքով:
1. Երեխային գիշերանոթի վրա նստեցրեք
«Նստեցրեք երեխային գիշերանոթի վրա օրական 1 կամ 2 անգամ 10-15 րոպեով, որպեսզի նա հետ չվարժվի կղանքը դուրս մղելուց»,- ասում է Սիեթլի հիվանդանոցի գործադիր տնօրեն, բժիշկ-մանկաբույժ Ուենդի Սյու Սվենսոնը:
2. Զննեք կղանքը
Հնարավոր է երեխան չուզենա ձեզ այն ցույց տալ, սակայն եթե նրա մոտ փորկապություն կա, անհրաժեշտ է պարբերաբար զննել կղանքը:
Երեխայի կղանքը ըստ ձեւակազմության պետք է լինի գետնանուշի յուղի նման: Եթե այն պինդ է, կամ արյունային, կամ եթե կղազատումը ցավոտ է, երեխային բժշկի մոտ տարեք:
3. Եթե երեխան արհեստական սննդով է սնվում, փոխեք խառնուրդը
Մայրական կաթով սնվող երեխաների մոտ փորկապություններ հիմնականում չեն առաջանում, սակայն արհեստական կերակրման դեպքում դա բավականին հաճախակի երեւույթ է: Խորհրդակցեք մանկաբույժի հետ այլ բաղադրության անցնելու մասին կամ ավելացրեք խառնուրդով շշի մեջ սեւ սալորի կամ տանձի հյութ:
4. Խուսափեք օսլա պարունակող մթերքներից
«Սպիտակ մթերքները օսլա են պարունակում, որի հետեւանքով բերում են փորկապության»,- ասում է Սվենսոնը: Այդ իսկ պատճառով քչացրեք երեխայի կողմից սպիտակ մթերքների՝ հացի, բրնձի, մակարոնի օգտագործումը, փոխարենը ավելացնելով գունավոր եւ ամբողջական հատիկավոր մթերքներ:
5. Երեխային ավելի շատ բջջանյութ տվեք
Ամբողջական հատիկները բջջանյութի հիանալի աղբյուր են հանդիսանում, որը կանխարգելում է փորկապությունը, եւ չնայած դրան, երեխաները սովորաբար բջջանյութով հարուստ սնունդ չեն օգտագործում, ասվում է Nutrition Research ամսագրում հրապարակված հետազոտությունում: Բջջանյութով հարուստ են թարմ միրգը և բանջարեղենը, ամբողջական հատիկավոր հացը եւ մակարոնը, գորշ բրինձը, լոբին, ոսպը, ընկույզը եւ արեւածաղիկը:
6. Հետեւեք, որպեսզի երեխան շատ ջուր խմի
Բացի բջջանյութով հարուստ սննդից, երեխային նաեւ անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկ, կղազատման գործընթացը հեշտացնելու համար: Հետեւեք, որպեսզի երեխան ամեն սնունդ ընդունելու ժամանակ գոնե 1-2 բաժակ ջուր խմի, ասում է Նյու Յորքի Gramercy Pediatrics կենտրոնի բժշկական տնօրեն, մանկաբույժ Դայեն Հեսը:
7. Սահմանափակեք կաթի օգտագործումը
Որոշ երեխաներ բջջանյութով հարուստ մթերք չեն օգտագործում, որովհետեւ նրանք հագենում են կաթով, ասում է Հեսը: 1 տարեկան հասակից հետո երեխաները 450գրամից ավել կաթ չպետք է խմեն, իսկ 9 տարեկանից հետո՝ 680 գրամից:
8. Երեխայի սննդակարգում հյութեր ավելացրեք
Չնայած այն բանին, որ մրգերը քիչ շաքար եւ մեծ քանակով բջջանյութ են պարունակում, փորձագետները համարում են, որ փորկապության չանցնելու դեպքում երեխային կարելի է տալ 100%-անոց բնական հյութ: Լավ օգնում են սալորի եւ հաղարջի հյութերը:
9. Երեխայի հետ մարզանք արեք
Թեպետ մարզանքը չի բուժում փորկապությունը, այն օգնում է կղանքը դուրս մղել:
10. Եթե փորկապությունը այնուամենայնիվ չի անցնում, մանկաբույժը երեխային դեղեր կնշանակի:






