Զիկա վիրուսի բուժման մեջ օգտագործվող պրոտեինը կարող է նաեւ հանդես գալ որպես ՄԻԱՎ-ի ինհիբիտոր: Այս մասին նշված է Immunity բժշկական ամսագրում հրապարակված հոտազոտության մեջ: Հետազոտությունն իրականացրել է Սուչժոուի (Չինաստան) Համակարգային բժշկության ինստիտուտը՝ Չինաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի եւ մի շարք ինստիտուտների, այդ թվում՝ Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի հետ համագործակցությամբ:

Գիտնականների խոսքով՝ CH25H խոլեստերոլ-25-հիդրօքսիլազա) ֆերմենտը սինթեզվում է Զիկա վիրուսով վարակվելու դեպքում: Դրա արտադրանքը, որը հայտի է որպես 25HC (ավշադրենաժ 25-հիդրոօքսիխոլեստերոլ), առանցքային դեր ունի վիրուսից օրգանիզմը պաշտպանելու համար:

25HC-ի հակավիրուսային ներգործությունը հայտնաբերվել է դեռեւս 2013 թվականին: Հետազոտությամբ պարզվել է, որ սինթետիկ սպիտակուցը լաբորատոր պայմաններում վիրուսն արգելափակում է: Հիմա գիտնականները պարզել են, որ 25HC-ն ընդունակ է դիմակայել նաեւ այլ վիրուսների, օրինակ՝ Էբոլային եւ ՄԻԱՎ-ին: Մարդու օրգանիզմում 25HC-ի արդյունավետությունն ապացուցելու համար գիտնականները նախատեսել են մոտ ապագայում կլինիկական հետազոտություններ սկսել:

Մասնագետները պատրաստվում են նաեւ հետազոտությունները շարունակել՝ սպիտակուցը ինֆեկցիոն նոր հիվանդությունների դեմ փորձարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ Զիկա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 2015 թվականին Բրազիլիայում: Այն փոխանցում են Aedes Aegypti մոծակները: Մոտավոր գնահատականներով՝ կանանց 1-ից մինչեւ 13 տոկոսը, որոնք վիրուսով վարակվել են հղիության վաղ փուլերում, ծննդաբերել են միկրոցեֆալիայով (փոքրագլխություն) երեխաներ: Ներկայումս գոյություն չունեն դեղեր, որոնք կկանխեն երեխաների վիրուսով վարակման բացասական հետեւանքները: Ամբողջ աշխարհի գիտնականները պատվաստանյութի որոնման կլինիկական մշակումներ են կատարում, որը կարող է կանխել վարակումը: