Թել Ավիվի համալսարանի նոր հետազոտությամբ, որը հրապարակվել է Oncotarget ամսագրում, բացահայտվել է քաղցկեղային բջիջների կիսման ժամանակ դրանց ոչնչացման համար 3 սպիտակուցների դերը: Գիտնականները հայտնաբերել են, որ այս սպիտակուցները կարելի է մոդիֆիկացնել միտոզի ժամանակ, որ սկսեն, այսպես կոչված, «մահվան մեխանիզմը» եւ դադարեցնեն ուռուցքի տարածումը:
Մեխանիզմի հայտնագործումը, որը քաղցկեղը սպանում է՝ առանց առողջ բջիջները վնասելու, կարող է առաջնահերթ նշանակություն ունենալ ագրեսիվ օնկոլոգիական հիվանդությունները բուժելիս: Հետազոտության արդյունքների համաձայն՝ ուռուցքային ջիջները որքան արագ են բաժանվում, այնքան ավելի արագ եւ արդյունավետ կոչնչանան:
Գիտնականների հայտնաբերած մեխանիզմը ներառում է հատուկ սպիտակուցների մոդիֆիկացիա, որոնք ազդում են վերետենի՝ միկրոխողովակավոր կառույցի կառուցվածքի եւ կայունության վրա, որը բջիջների կիսվելու ընթացքում կրկնակի քրոմոսոմները պատրաստում է դուստր բջիջների բաժանվելուն:
Հետազոտողները պարզել են, որ որոշ միացություններ՝ ֆենանտրիդինի ածանցյալները, կարող են խախտել այս սպիտակուցների ակտիվությունը, հետեւաբար՝ աղավաղել վերետենի կառուցվածքը եւ կանխել քրոմոսոմների կիսվելը: Սպիտակուցների մոդիֆիկացումից հետո բջիջը չի կարող կիսվել, եւ դա առաջացնում է նրա արագ ինքնաոչնչացում:
Գիտնականները մի շարք փորձեր են կատարել կրծքագեղձի, թոքերի, ձվարանների, հաստ աղիի, ենթաստամոքսային գեղձի, արյան եւ ուղեղի քաղցկեղի բջջային կուլտուրաների վրա եւ պարզել են, որ ֆենանտրիդինի ածանցյալները դրանք ոչնչացրել են: Նրանք փորձեր են անցկացրել նաեւ մկների վրա, որոնց օրգանիզմ են ներարկել մարդու քաղցկեղային բջիջներ: Բուժման արդյունքում կրծողների մոտ ուռուցքի աճը դադարել է: Երկու շաբաթ հետո նրանց քաղցկեղային նորագոյացությունները զգալիորեն փոքրացել են այն մկների նորագոյացությունների համեմատությամբ, որոնք բուժում չեն ստացել:
Ոչնչացման մեխանիզմին հետեւելու համար գիտնականներն օգտագործել են կենսաքիմիական, մոլեկուլյար-կենսաբանական եւ վիզուալ տեխնոլոգիաներ:
Հետազոտողները ներկայումս ֆենանտրիդինի ածանցյալներից մեկի պոտենցիալն ուսումնասիրում են երկու ագրեսիվ քաղցկեղային նորագոյացությունների՝ ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքի եւ կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի բուժման մեջ:






