Դրամական միջոցները, որոնք բժշկական կենտրոնները ծախսել են` գերակատարելով իրենց հասանելիք պետական պատվերը, չեն փոխհատուցվի, քանի որ գոյություն ունի «պայմանագրային եւ ֆինանսական կարգապահություն» հասկացությունը: Մարտի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը` պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին:
«Կենտրոնները, որոնք գերակատարել են պետական պատվերը, ունիկալ չեն: Պարզապես կան կենտրոններ, որոնք կարգապահությանը հնետեւում են, եւ կան կենտրոններ, որոնք այսպես են մտածում են` մենք կնկարենք, փող կտան` լավ, իսկ եթե չտան, աղմուկ կբարձրացնենք, եւ այդ ժամանակ կտան»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե այդ կենտրոնների ղեկավարներին բանավոր ասվել է` շարունակել պետպատվերով հիվանդների ընդունել, եւ նրանց հետ վերահաշվարկ կարվի, նախարարը հայտարարեց. «Բոլորը տեղեկացված էին, եւ դա հրապարակային գործընթաց էր, որ մենք բաշխման ժամանակ նախարարությանը ոչ մի պահուստ չենք թողնի: Եվ մենք ամբողջ գումարը բաշխել ենք, որը տրամադրվել է հիվանադանոցային-ամբուլատոր բուժծառայությունների համար, մինչեւ վերջին լուման` հաշվի առնելով, իհարկե, այն ծրագրերը, որոնք իրականացվում են նախարարությունում: Այլ պահուստներ նախարարությունը չունի»:
Ի պատասխան սկզբունքի վերաբերյալ հարցին, ըստ որի որոշ բուժհաստատություններ պետպատվերից զրկվել են, նաեւ` հաստատված 25 մլն դրամ շեմի, նախարարը պարզաբանեց, որ այս շեմը ատամնաբուժական կլինիկաներին չի վերաբերել: Խոսքը միայն բժկական կենտրոնների մասին է, որոնց թվում բացառություն է արվել միայն երկուսի համար: «Դրանցից մեկը «Նորմեդ» բժշկական կենտրոնն է, որը կատարում է նորակոչիկների հետազոտություն Պաշտպանության նախարարության պատվերով: Սա միակ կենտրոնն է, որը տվյալ պատվերը կատարում է, քանի որ միակն էր, որ համաձայնվեց առաջարկվող գնով նորակոչիկներին ընդունել: Երկրորդ կենտրոնը գտնվում է Գյումրիում եւ ընտրվել է ելնելով աշխարհագրական դիրքից»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի համար պետպատվերը բաշխելիս մի շարք բուժհաստատություններ, որոնք անցյալ տարի պետպատվեր են ստացել, այս տարի դրանից զրկվել են: Ավելին` կան կենտրոններ, որոնք առանց փոխհատուցման են մնացել արդեն կատարած ծառայությունների դիմաց: Երբ նրանք բողոքներով կառավարությանն են դիմել, Առողջապահության նախարարությունը պարզաբանող հայտարարություն է տարածել, որում նշված էր, որ «գումարների կենտրոնացման եւ փոշիացման կանխման նպատակով այդ ծրագրից դուրս են մնացել բժշկական ծառայություններ մատուցող բոլոր այն հաստատությունները, որոնց մատուցած ծառայությունները տարեկան չեն հասնում 25մլն ՀՀ դրամի: Բացառություն են կազմում երկու կազմակերպություններ, որոնք տվյալ տարածքում հատուկ նպատակային ծրագրեր են իրականացնում»:
Սակայն առնվազն մեկ բժշկական կենտրոն` ԿՀՄԻ Երեւանը, անցյալ տարի 30 մլն դրամի պետպատվեր է ունեցել, այսինքն, հայտարարված շեմից ավելի: Այս հարցը նախարարն անպատասխան թողեց:






