2016 թվականին Հայաստանում գրանցվել է «աուտիզմ» ախտորոշմամբ ավելի քան 1000 երեխա: Ապրիլի 1-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Աուտիզմի հաղթահարում» հ/կ-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մարգարյանը:
Նրա խոսքով՝ աշխարհում ամեն տարի գրանցվում է այս հիվանդության 13 տոկոսով աճ, իսկ ԱՀԿ-ի տվյալներով՝ աուտիզմ է ախտորոշվում յուրաքանչյուր 68-րդ երեխայի մոտ, մինչդեռ 10 տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 100-ից մեկ երեխա: Անցյալ տարի աճը փոքր-ինչ դանդաղել էր՝ ոչ միայն այն պատճառով, որ աուտիզմի որակավորումից բացառվել էին Ռեդի եւ Ասպերգերի համախտանիշները: Այդուհանդերձ, երեխաների շրջանում աուտիզմն ավելի հաճախ է ախտորոշվում, քան դիաբետը, ուղեղի մանկական կաթվածը եւ օնկոլոգիական հիվանդությունները միասին:
Հասմիկ Մարգարյանը հայտնեց, որ Հայաստանում աուտիզմն ախտորոշվում է 1999 թվականից: Նրա ղեկավարած «Աուտիզմի հաղթահարում» ծնողական հ/կ-ն գործում է 2004 թվականից: Նրա պատկերավոր արտահայտությամբ՝ ծնողները որոշել են միասին գործել, երբ հասկացել են, որ խեղդվողի փրկությունը հենց իրենց՝ խեղդվողների ձեռքում է: 2006 թվականից Հայաստանում ներդրվել է աուտիզմով հիվանդների հետ աշխատելու նոր մեթոդ՝ կիրառական վարքային վերլուծություն (Applied behavior analysis, ABA): 2012 թվականին Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ հիմնադրվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը, իսկ 2015 թվականին «Իմ ուղին» հատուկ կենտրոն է բացվել: Հասմիկ Մարգարյանի խոսքով՝ նրանց համար պետական աջակցությունը շատ կարեւոր է, քանի որ միայն հ/կ-ի ջանքերով նրանք չեն հաղթահարի նման բարդ խնդիրը: Նա ասաց, որ ներկայումս Սոցիալական ապահովության նախարարության հետ հնարավորություններ են մշակվում աուտիզմով տառապող երիտասարդներին աշխատանքի տեղավորելու համար, որոնք կարողացել են կրթություն ստանալ եւ սոցիալապես մասամբ կամ լիովին ինտեգրվել:
Խոսելով այն մասին՝ աուտիզմն արդյոք բուժելի է, Հասմիկ Մարգարյանը նշեց, որ ամեն ինչ կախված է խանգարման աստիճանից եւ այն հանգամանքից, թե խնդիրը որքան վաղ է հայտնաբերվոլ եւ որքան արդյունավետորեն է կիրառվել մեթոդը: Գրեթե 30 տոկոս դեպքերում երեխաներին հաջողվում է հարմարվել, նրանք էքսկլյուզիվ դպրոցներ են հաճախում, որտեղ նրանց համար հատուկ ռեուրսային գոտիներ են ստեղծվում: Շատերը բուհ են ընդունվում, երաժշտությամբ զբաղվում եւ այլն: Եվս 30 տոկոս դեպքերում միջին արդյունք է գրանցվում, իսկ մյուս դեպքերում չի հաջողվում հասնել լիակատար կամ մասնակի փոխհատուցման, եւ նման մարդիկ մինչեւ կյանքի վերջը մշտական խնամքի կարիք ունեն:
«Աուտիզմ» հիմնադրամի համակարգող Ինեսա Հարությունյանը հայտնեց, որ ծնողները պետք է անհանգստանան, եթե 1,5-2 տարեկան երեխան ծնողերի հետ չի շփվում՝ իր անվանը չի պատասխանում, հայացքով չի արձագանքում, չի հասկացնում իր պահանջմունքների մասին, եթե չի խոսում կամ եթե կրկնում է ինչ-որ բառեր եւ գործողություններ: Նման տագնապալի ազդանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ մասնագետների դիմել՝ հոգեբանների, հոգեբույժների կամ վարքային թերապեւտների:
Նա նշեց, որ աուտիստների ուղեղը պարզապես այլ կերպ է աշխատում՝ նրանք կարող են գերզգայուն լինել ձայների եւ հոտերի նկատմամբ, բայց մարդկանց դժվարությամբ հասկանալ: Նրանց թվում կարող են լինել շատ տաղանդավոր մարդիկ, բայց դրա հետ մեկտեղ փողոցը հատելուն կամ գնումներ կատարելուն անընդունակ:
Մասնագետների խոսքով՝ աուտիզմի առաջացման պատճառները դեռեւս մինչեւ վերջ չեն հետազոտվել: Նախկինում կարծիք կար, որ այն առաջանում է գենետիկ փոխակերպումների հետեւանքով, բայց հիմա գիտնականները ավելի հակված են կարծելու, որ սրանք էպիգենետիկ փոխակերպումներ են, այսինքն՝ առաջանում են արտաքին գործոնների ազդեցությամբ՝ օդի աղտոտվածության, օրգանիզմի գենետիկ փոփակերպումների, ծնողների տարեց տարիքի եւ այլն:






