Servier դեղագործական ընկերությունը դեռեւս փորձագիտական եզրակացություն չի տվել Հայաստանում հայտնաբերված Պրեստանս կեղծ դեղի վերաբերյալ: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանը:

«Կտան, կձգձգեն, բայց կտան»,- հավաստիացրեց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ կեղծ դեղի քիմիական բաղադրակազմը համապատասխանում է Պրեստանսի բաղադրակազմին, սակայն փաթեթավորումը կեղծված է: Այն պնդման կապակցությամբ, որ սա կարող է ռուսական արտադրության դեղը լինել, Հակոբ Թոփչյանը նշեց, որ Ռուսաստանում արտադրվող Պրեստանսի փաթեթների վրա նշված է երկիրը եւ կոնկրետ հասցեն, մինչդեռ Հայաստանում հայտնաբերված կեղծ փաթեթների վրա որպես արտադրող նշված է ԵՄ-ը: Նա հավելեց, որ Հայաստանում Servier ընկերության ներկայացուցչությունը այդ դեղերի փաթեթավորումը կեղծված է ճանաչել, սակայն անհրաժեշտ է սպասել ընկերության փորձաքննության վերջնական արդյունքներին:

Հիշեցնենք,որ փետրվարի վերջին Առողջապահության նախարարությունը հայտնել էր կեղծ դեղերի 2 խմբաքանակների մասին՝ Servier ընկերության ճնշման դեմ Պրեստանս դեղի եւ Ցեֆտրիակսոն-Աստերիա ներարկվող հակաբիոտիկի: Հաղորդվել էր, որ Պրեստանսի այս խմբաքանակի փաթեթավորումը կեղծված է, եւ դրանց սերիան յոթանիշ է, մինչդեռ Հայաստանում գրանցված Պրեստանսի սերիան վեցանիշ է: Ավելի ուշ պարզվել էր, որ յոթանիշ սերիայով դեղերն արտադրվում են Ռուսաստանում Servier-ի գործարանում: