2001 թվականին Էստոնիայի իշխանությունները հասկացել են, որ անհրաժեշտ է շտապ ինչ-որ բան անել. եթե մինչ այդ երկրում տարեկան ՄԻԱՎ ինֆեկցիայի 100-ից պակաս դեպք էր գրանցվում, ապա 2001 թվականին գրանցվել է մոտ 1500 նոր դեպք, մեծ մասը՝ ներարկվող թմրամիջոցներ օգտագործողների շրջանում: Դա ՄԻԱՎ ինֆեկցիայի իսկական համաճարակ էր, որը չէր կարելի անտեսել:

Էստոնիայի Առողջության զարգացման ինստիտուտի Ինֆեկցիոն հիվանդությունների եւ թմրամոլության կանխարգելման բաժնի ղեկավար Ալյոնա Կուրբատովան NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս խնդիրն ամենայն հավանականությամբ երկար ժամանակ աննկատ, անտեսանելի է մնացել: Մարդիկ ՄԻԱՎ-ով վարակվում էին թմրանյութերի ոչ անվտանգ օգտագործման ժամանակ եւ վարակում էին ուրիշներին, սակայն ոչ ոք այս մասին չգիտեր: Երբ երկրի շրջաններից մեկում հայտնաբերվեցին ՄԻԱՎ ինֆեկցիայի մի քանի դեպքեր, միայն այդ ժամանակ նրանց շրջապատի մարդկանցից շատերը սկսեցին թեստավորվել, այսպես էլ հայտնաբերվեց հիվանդության բռնկումը:

Ալյոնա Կուրբատովայի խոսքով՝ վնասի նվազեցման առաջին ծրագրերը (ուղղված թմրամիջոցների օգտագործման բացասական հետեւանքների նվազմանը, ինչպիսին են ՄԻԱՎ ինֆեկցիան, տուբերկուլյոզը եւ վիրուսային հեպատիտները, այսպիսի ծրագրերին է դասվում մեթադոնի օգտագործմամբ Ափիոնային փոխարինող թերապիան (ԱՓԹ), որը ժողովուրդը «մեթադոնային թերապիա» է անվանում, ներարկիչների փոխարինման ծրագիրը եւ այլն) Էստոնիայում հայտնվել են դեռեւս 1997 թվականին՝ քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ: Նման ծրագրերը սակավաթիվ էին եւ ընդգրկում էին քիչ թվով մարդկանց, այդ պատճառով երկրի վիճակի վրա ոչ մի կերպ չէին ազդում:

Միայն այն բանից հետո, երբ երկրում պաշտոնապես գրանցվեց թմրանյութեր օգտագործող մարդկանց շրջանում ՄԻԱՎ ինֆեկցիայի բռնկումը, կառավարությունը սկսեց քննարկել վնասի նվազեցման ծավալուն, պետական աջակցություն ունեցող ծրագրերի կազմակերպման, ինչպես նաեւ կախվածությունների բուժման ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը:

«Մենք իրավիճակին ժամանակին չարձագանքեցինք, որի հետեւանքով այսօր մեզ մոտ Եվրոպայում ամենածանր իրավիճակն է. մեզ մոտ մեծ թվով ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ կան, եւ դա պետական բյուջեի համար մեծ բեռ է: Ավելին՝ Էստոնիայում 2013 թվականին գերդոզավորումից 170 մարդ մահացել է: Մեր բնակչությունը մոտ 1 մլն է: Գերդոզավորումից մեզ մոտ 2 անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան ճանապարհային պատահարներից: Մահվան այս բոլոր դեպքերից հնարավոր էր խուսափել, եթե երկրում գործեր նալոկսոնի ծրագիրը (գերդոզավորման կանխման դեղամիջոց – խմբ.): Եթե այդ մարդիկ ողջ մնային եւ փոխարինող թերապիա ստանային, նրանք կկարողանային աշխատել, հարկեր վճարել: Հատկապես այս պատճառով են վնասի նվազեցման  ծրագրերն այդքան ձեռնտու՝ նույնիսկ տնտեսության տեսակետից, քանի որ դա ավելի էժան է, քան հուղարկավորության համար տրամադրվող պետական նպաստները»,- ասաց Ալյոնա Կուրբատովան:

Այսօր Էստոնիայում արդեն գործում են վնասի նավազեցման ծրագրերը, եւ չնայած երկիրը դեռեւս  Եվրոպայում ՄԻԱՎ ինֆեկցիայի տարածվածությամբ առաջիններից մեկն է, հատկապես թմրամիջոցներ օգտագործող մարդկանց շրջանում, մեծ թվով միջազգային փորձագետներ դրական են արտահայտվում այս ծրագրերի կազմակերպման մասին:

Այսօր Էստոնիայում գործում է ներարկիչների փոխարինման ծրագիրը, մեթադոնի օգտագործմամբ ԱՓԹ-ն (չնայած, ինչպես նշեց Կուրբատովան, քննարկվում է նաեւ  հաջորդ տարվանից բուպրենորֆինի օգտագործումը), նալոկսոնի ծրագիրը, խորհրդատվությունների ծրագրերը, ՄԻԱՎ ինֆեկցիայի անվճար թեստավորումը: Դրանից բացի, ՄԻԱՎ ինֆեկցիայի բուժման ժամանակ հակավիրուսային թերապիան բոլորի համար անվճար է եւ կատարվում է պետպատվերով: Մասնագետը նշեց, որ խնդիր է մնում միայն հեպատիտ С-ի բուժումը, որն այսօր ոչ բոլորի համար է մատչելի:

Այս բոլոր ծրագրերն այսօր վճարվում են պետական բյուջեից՝ 2004-2007 թվականներին դրանք վճարվել են Գլոբալ հիմնադրամի միջոցներով, սակայն 2007 թվականից սկսած երկիրն անցել է տեղական ֆինանսավորման: Իհարկե, այս ուղղությամբ աշխատանքները սկսել են տարվել ավելի վաղ:

«Եթե մենք դեռեւս 2004-2005 թվականներին կառավարության հետ չսկսեինք բանակցություններ վարել, եթե մենք սթափվեինք միայն այն ժամանակ, երբ Գլոբալ հիմնադրամն արդեն ավարտեց իր աջակցությունը, մենք հաջողության չէինք հասնի»,- ասաց Կուրբատովան:

Նշենք, որ Հայաստանում այսօր գործում են վնասի նվազեցման մի քանի ծրագրեր, այդ թվում՝ մեթադոնի օգտագործմամբ ԱՓԹ-ն, եւ դրանք ֆինանսավորում է Գլոբալ հիմնադրամը, որը մոտ ապագայում ծրագրում է ավարտել իր ֆինանսավորումը եւ արդեն հիմա երկրներին խորհուրդ է տալիս սկսել տեղական ֆինանսավորման անցնելու աշխատանքները: