Հայաստանում ամեն տարի 30-40 հիվանդներ երիկամների փոխպատվաստման կարիք ունեն, բայց կատարվում է ընդամենը 6-8 փոխպատվաստում, չնայած այս վիրահատությունը կարող է բարելավել երիկամային հիվանդություններով շատ հիվանդների կյանքի որակը եւ նրանց ազատել դիալիզ ստանալու անհրաժեշտությունից: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Առողջապահության պետական գործակալության պետի պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը:
Մասնագետի խոսքով՝ անցյալ տարի Հայաստանում կատարվել է երիկամների 8 փոխպատվաստում, նախանցած տարի՝ ընդամենը 6: Այսօր երկրում դիսպանսեր հսկողության տակ է 100 հիվանդ, որոնցից երկուսը փոխպատվաստված սրտով են եւ մեկը՝ փոխպատվաստված լյարդով, սակայն այս հիվանդների մեծ մասը այլ երկրներում է վիրահատվել:
Ծաղիկ Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանում փոխպատվաստման մակարդակը անհրաժեշտ է բարձրացնել. առաջին հերթին անհրաժեշտ է, որ երկրում սկսեն ավելի շատ կատարել երիկամների փոխպատվաստումներ, իսկ հետագայում արդեն հնարավոր կլինի մտածել լյարդի եւ սրտի փոխպատվաստման ներդրման մասին: Բարեբախտաբար, երկրում կան մասնագետներ, որոնք կարող են այսպիսի բարդ վիրահատություններ կատարել, բայց անհրաժեշտ է Երեւանի խոշորագույն կլինիկաների բազայի վրա փոխպատվաստման ծառայություն կազմակերպել:
Դրանից բացի, լուրջ խնդիր է դոնորական օրգանների պակասը, որն ահնրաժեշտ է լուծել: Մասնագետի խոսքով՝ մինչ օրս փոխպատվաստված բոլոր երիկամները վերցվել են ողջ դոնորներից, որոնք կամավոր իրենց օրգանները տվել են հարազատներին: Սակայն համապատասխան ողջ դոնոր գտնելը շատ դժվար է, այդ պատճառով զարգացած երկրներում փոխպատվաստման համար օգտագործվում են հանգուցյալ դոնորների օրգանները: Հայաստանում օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս օգտագործել հանգուցյալ դոնորների օրգանները, սակայն այստեղ դա դեռեւս չի կատարվում՝ համակարգված համակարգ չկա, նաեւ դեռեւս խոչընդոտ է մնում ժողովրդի մենթալիտետը:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում կատարվել են ոսկրածուծի փոխպատվաստման առաջին 2 վիրահատությունները: Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ սա Հայաստանի առողջապահության համար մեծ առաջքայլ էր, հիմա հերթում է փոխպատվաստման մյուս ժամանակակից վիրահատությունների ներդրումը:






