Մեջքն ուղիղ պահելու սովորությունը մարդու առողջությանն օգտակար է, իսկ երբ մարդը կորանում է, ապա, հակառակը, իր առողջությունը մեծապես վնասում է, պնդում են բրիտանացի գիտնականները:
Մեջքը կուզիկացած պահելու սովորությունը շատ ավելի ուժեղ է վնասում օրգանիզմին, քան ընդունված է կարծել, քանի որ դա անդրադառնում է ոչ միայն ողնաշարի վիճակի վրա, այլեւ ներքին օրգանների աշխատանքի:
Կեցվածքի վատ վիճակի խնդիրն աշխարհում ավելի ու ավելի շատ մարդկանց է անհանգստացնում, միայն դեռահասների շրջանում յուրաքանչյուր ութերորդը մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Գիտնականների խոսքով՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ժամանակակից երեխաները շատ են ժամանակ անցկացնում համակարգիչների ու նոթբուքների առջեւ եւ սպորտով քիչ են զբաղվում: Այս ամենն անդրադառնում է ողնաշարի վիճակի վրա:
Մինչդեռ գիտնականները նշում են, որ մարդը հիվանդությունների մեծ մասը ձեռք է բերում ողնաշարի սխալ դիրքի հետեւանքով: Նրանք հիշեցնում են, որ ողնաշարի դիրքն ընդհանրապես կարող է առողջական վիճակի վրա ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ: Գիտնականները նշում են, որ ողնուղեղի վրա բացասական ազդեցությունը խանգարում է բոլոր օրգանների աշխատանքին: Դրա հետ մեկտեղ կեցվածքի շտկումը կարող է հակառակ պրոցեսը գործարկել՝ մարդու օրգանիզմը կսկսի վերականգնվել:
Գիտնականները նշում են, որ բացասական կեցվածքից կարող է տուժել նույնիսկ մարդու տեսողությունը, քանի որ կեցվածքի խախտման դեպքում խանգարվում է արյան շրջանառությունը եւ ակնանյարդերը ճզմվում են:
Կարող են առաջանալ նաեւ հոգեկան խանգարումներ, օրինակ՝ կուզիկության պատճառով կարող է առաջանալ դեպրեսիա եւ նեվրոզ:
Սրա հետ կապված գիտնականները խոսում են սեփական կեցվածքին հետեւելու կարեւորության մասին:






