Արեւապաշտպան կրեմները կարող են հանգեցնել D վիտամինի պակասի, պարզվել է վերջերս կատարված հետազոտությամբ, որը հրապարակվել է Journal of the American Osteopatic Association-ում:

Հետազոտության համահեղինակ, Քալիֆորնիայի Թուրո համալսարանից Քիմ Փֆոթենհաուերը եւ նրա գործընկերները նշում են, որ արեւապաշտպան կրեմները եւ քրոնիկական այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են դիաբետը, ցելիակիան եւ այլ հիվանդությունները, որոնք ազդում են սնունդի սննդարար նյութերի յուրացման օրգանիզմի հատկության վրա, համարվում են D վիտամինի պակասի աշխարհում գրեթե մեկ միլիոն դեպքերի պատճառը:

D վիտամինն անհրաժեշտ է ոսկրերի առողջության համար, քանի որ օգնում է կալցիումի յուրացմանը, նպաստում է նաեւ մկանների եւ նյարդերի գործառնությանը, իմունային համակարգին օգնում պայքարել ինֆեկցիաների դեմ:

Մեծահասակները պետք է ջանան ամեն օր D վիտամինի 600-ից մինչեւ 800 միջազգային միավոր ընդունել: Արեւի տակ անցկացնելը համարվում է D վիտամինի լավագույն աղբյուրներից մեկը. արեգակի լույսն անցնում է մաշկի միջով եւ վիտամինի պրեկուրսորը վերափոխում D-3 վիտամինի ակտիվ ձեւին, որը կոչվում է 7-դեհիդրոխոլեստերին:

Սակայն արեւի տակ անցկացնելու վտանգները, օրինակ՝ այրվածքները եւ մաշկի քաղցկեղը, չպետք է անտեսել, իսկ արեւապաշտպան միջոցները համարվում են դրանցից խուսափելու լավագույն միջոցներից մեկը:

Գիտնականների խումբը պնդում է, որ ցերեկային ժամերին արեւի տակ գտնվելիս հարկ է խուսափել արեւապաշտպան կրեմներից շաբաթական երկու անգամ 1,5 ժամով, ինչը կմեծացնի եւ կպահպանի օրգանիզմում D վիտամինի պարունակության մակարդակը:

Հետազոտողներն իրականացրել են D վիտամինի պակասի ընդհանուր կլինիկական հետազոտություններ՝ տեղեկություններ օգտագործելով աշխարհում վիտամինի պակասի ծավալները որոշելու համար, ինչպես նաեւ դրա առաջացման վտանգի գործոնները եւ պայքարելու միջոցները: Գիտնականների եզրակացությամբ՝ SPF 15 եւ ավելի բարձր կրեմների օգտագործումը օրգանիզմի կողմից D-3 վիտամինի արտադրումը կարող է 99 տոկոսով կրճատել:

«Մարդիկ փողոցում քիչ ժամանակ են անցկացնում, իսկ երբ դուրս են գալիս փողոց, սովորաբար պաշտպանական կրեմ են օգտագործում, ինչն, ըստ էության, զրոյի է հասնում  D վիտամին արտադրելու մարմնի հատկությունը: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ իրենց պատնեշեն մաշկի քաղցկեղով հիվանդանալուց, սակայն արեւի տակ չափավոր մնալը կարող է օգտակար լինել D վիտամին ստանալու տեսակետից»,- ասել է Քիմ Փֆոթենհաուերը: