Հնգյակի ողջ մնացած երեք երեխաների՝ երկու աղջիկների եւ տղայի վիճակն առայժմ անփոփոխ է: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին հիվանդանոցներից, որտեղ երեխաները հիմա բուժում եւ խնամք են ստանում:

Անկախ Հայաստանում առաջին հնգյակը՝ 4 աղջիկ եւ 1 տղա, ծնվել է մայիսի 3-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Երեխաները չափազանց անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են 600, 820, 840, 840 եւ 880 գրամ:

Մայիսի 6-ի առավոտյան հայտնի դարձավ, որ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջիկներից մեկը մահացել է. նրա  մահվան պատճառն էր ուղեղի արյան զեղումը: Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» ԲԿ-ում:

Այսօրվա դրությամբ տղայի վիճակը, որը նույնպես «Մուրացանի» վերակենդանացման բաժանմունքում է, շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Վերակենդանացման բաժանմունքից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ նրա վիճակի մեջ առայժմ ոչ մի փոփոխություն չկա:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող աղջիկը կայուն ծանր վիճակում է: Մյուս աղջիկը, որը գտնվում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտում, թոքերի արհեստական օդափոխությունից տեղափոխվել է CPAP-ի, սակայն նրա վիճակի մեջ եւս դրական դինամիկա չկա: