Ձեռքերի արտաքին տեսքն ու վիճակը ձեր առողջության մասին կարող են ավելի շատ պատմել, քան կարող էիք ենթադրել:
Ձեռքերի դող
Շատերին թվում է, որ ձեռքերի դողը Պարկինսոնի հիվանդության ախտանիշ է, սակայն դողացող ձեռքերը կարող են վկայել նաեւ մի շարք այլ եւ ոչ միշտ լուրջ հիվանդությունների մասին: Մասնավորապես դա կարող է լինել կոֆեինի կամ մի քանի դեղամիջոցների, օրինակ՝ հակադեպրեսանտների չարաշահման հետեւանք: Ամեն դեպքում, եթե ձեռքերի դողը ձեզ անհանգստացնում է, բժշկի հետ խորհրդակցելը ցանկալի է:
Ձեռքերի թեփոտում
Եթե ձեռքերի մաշկը մշտապես չորանում ու թեփոտում է, սա կարող է կապված լինել B խմբի վիտամինների պակասի հետ, առավել եւս՝ եթե նաեւ կոտրվող եղունգներ ունեք: Սննդակարգի մեջ ընդգրկեք այնպիսի մթերքներ, ինչպիսին են ձուկը, գետնընկույզը, սնկերը, ավոկադոն, նաեւ ջանացեք ավելի շատ կանաչեղեն եւ բանջարեղեն ուտել:
Ձեռքերի մաշկի չորությունը կարող է նաեւ օրգանիզմի ջրազրկման մասին վկայել: Եթե հատուկ հակացուցումներ չունեք, աշխատեք օրական առնվազն 1-2 լիտր ջուր խմել, իսկ շոգին՝ ավելի շատ:
Եղունգների խնդիրներ
Շատ գունատ եւ սպիտակավուն եղունգները, հնարավոր է, սակավարյունության ախտանիշ են, իսկ մատների բարձիկների կանոնավոր կերպով կապտելը կամ կարմրելը՝ Ռեյնոյի հիվանդության:
Ափերի քրտնում
Միշտ չէ, որ ձեռքերի քրտնելը վկայում է հիպերհիդրոզայի մասին: Ձեռքերը կարող են քրտնել նաեւ մեծ տագնապայնության, սթրեսի կամ ուժեղ անհանգստության դեպքում:






