Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները խորամանկում են՝ պնդելով, թե դեղերը, որոնց համար 2016 թվականի դեկտեմբերի վերջին տասնյակ դեղատներ էին տուգանվել, Հայաստանում գրանցված են: Մենք գործ ունենք ոչ թե միեւնույն դեղի տարբեր փաթեթավորման հետ, այլ չգրանցված դեղերի: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ մեկնաբանելով մի շարք դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների առարկությունները, որոնք պնդում են, որ այդ դեղերը կան Հայաստանի դեղերի պետական գրանցամատյանում:
«Այս կազմակերպություններն օգտվել են ԵՏՄ երկրներից հեշտ ճանապարհով ներմուծելու հնարավորությունից, բերել են չգրանցված դեղեր, ինչն ապօրինի է, եւ բոլոր դեղատներին մեծածախ մատակարարումներ են կատարում: Խոսքը փաթեթավորման տարբերության մասին չէ, դրանք պարզապես չգրանցված դեղամիջոցներ են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ այս գործողություններով Առողջապահության նախարարությունը կասեցնում է զուգահեռ ներկրումը, Սերգեյ Խաչատրյանն առարկեց՝ ասելով, որ ըստ «Դեղերի մասին» նոր օրենքի՝ զուգահեռ ներկրումը գործող մեխանիզմ է: «Ըստ որում՝ օրենքում հստակ նշված է, թե որ դեպքերում կմերժվի զուգահեռ ներկրումը, ճիշտ նույն կերպ՝ նաեւ ուղիղ ներկրման դեպքում: Եթե նույնիսկ որեւէ մեկը կարող է մեզ պահանջներ ներկայացնել, ապա միայն այն պատճառով, որ մենք զուգահեռ ներկրմանն ավելի մեծ հնարավորություններ ենք տրամադրել, քան ուղիղ ներկրմանը: Փաթեթավորման այն նույն փոփոխությունները…Օրենքում նշված է, որ սա չի կարող ներկրման մերժման պատճառ լինել»,- ասաց նա:
Սերգեյ Խաչատրյանի պարզաբանմամբ՝ ընդունման համար նախատեսված որոշումներում ըստ նոր օրենքի կետ կա, որի համաձայն, եթե միեւնույն երկրից, արտադրական միեւնույն հարթակից, միեւնույն արտադրողը միեւնույն դեղամիջոցը Հայաստան է ներմուծում, եւ ինչ-ինչ տարբերություններ կան, ապա այդ դեղերը մենք ընդունում ենք: «Նրանք, ովքեր այս մասին խոսում են, նրանք պարզապես խորամանկում են, նրանք երկիր են բերում չգրանցված դեղամիջոցներ»,- եւս մեկ անգամ նշեց նա:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում դեղամիջոցների շրջանառության հարցերին, Սերգեյ Խաչատրյանը պարզաբանեց, որ ԵՏՄ միասնական շուկան բնավ չի նշանակում, որ միայն Հայաստանում գրանցված դեղը ազատ կշրջանառվի նաեւ ԵՏՄ մյուս երկրներում եւ հակառակը: Դրա համար անհրաժեշտ է երկու կամ մի քանի երկրների կողմից դեղերի գրանցման փոխադարձ ճանաչում, եւ սա նույնպես վճարվող ու բավականին երկարատեւ ընթացակարգ է:
Այն կապակցությամբ, որ Հայաստանը կարող էր ավտոմատ ճանաչել այն դեղերի գրանցումը, որոնք գրանցված են ԵՄ-ում կամ Ռուսաստանում, Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ «մենք կարող ենք շատ երկրների հետ փոխադարձ ճանաչում ունենալ, երբ դառնանք PIC/S եւ ICH միջազգային կազմակերպությունների լիարժեք անդամ, որոնց ձգտում է անդամակցել նաեւ Ռուսաստանը»:
Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանում բժիշկներից շատերը չգրանցված դեղեր են նշանակում, եւ որ կան մեծ թվով իսկապես արդյունավետ ու անհրաժեշտ դեղամիջոցներ, որոնք Հայաստանում գրանցված չեն, փոխնախարարը նշեց. «Բժիշկներն իրավունք չունեն դեղեր նշանակել ըստ բրենդային անվանումների, եւ իրավունք չունեն նշանակել երկրում չգրանցված դեղեր»:
Նա համաձայնվեց, որ կան մեծ թվով օնկոլոգիական դեղամիջոցներ, որոնք Հայաստանում գրանցված չեն, եւ հիմա այս դեղամիջոցների գրանցման գործընթաց է իրականացվում պետության հաշվին՝ առանց դեղագործական ընկերությունների կողմից վճարումներ կատարելու: «Սա այն է, ինչ մենք կարող ենք անել: Մենք այն արտադրողներին, այն ընկերություններին ենք որոնում, որոնք կկարողանային միջնորդ դառնալ, որպեսզի այս դեղերը ներկրեին եւ մեզ այդ դեղամիջոցների դոսյե տային»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Փոխնախարարը պարզաբանեց, որ դեղերի գրանցումը բարդ գործընթաց է, որի համար դոսյե է պահանջվում: Երբ հոլդերները բիզնես շահերից ելնելով դեղերը գրանցում են, նրանք իրենք էլ հենց դոսյեն ներկայացնում են: Իսկ եթե արտադրողը շահագրգռված չէ Հայաստանում վաճառելու հարցում՝ շուկայի փոքր ծավալների պատճառով, ապա եթե նույնիսկ պետությունը ցանկանում է դեղն իր հաշվին գրանցել, ինչ-որ մեկը պետք է դոսյե ներկայացնի: Այն կա նաեւ այն երկրներում, որտեղ այդ դեղը գրանցված է, եւ Հայաստանը կարող է այդ երկրից վերցնել համառոտ դոսյեն, բայց միայն այն դեպքում, եթե երկու երկրներում գրանցումը փոխադարձ ճանաչվում է: Սա, օրինակ, հնարավոր է այն դեպքում, եթե ե՛ւ Հայաստանը, ե՛ւ այդ երկիրը PIC/S-ի եւ ICH-ի անդամ են, որոնցում գործում են դեղամիջոցների շրջանառության միասնական կանոններ:
«Աշխարհում ոչ մի երկիր չկա, որը կարող է դեղամիջոցներն առանց դոսյեի գրանցել: Եթե դոսյե չունենք, ապա ոչ մի չափանիշ չունենք ներմուծման ժամանակ դեղերի համապատասխանությունը որոշելու համար»,- ասաց նա
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին Առողջապահության պետական տեսչությունը 45 կազմակերպություններում ստուգումներ է անցկացրել: Առողջապահության նախարարության տեղեկանքի համաձայն՝ ստուգումների արդյունքում Հայաստանում չգրանցված 196 անուն դեղ է հայտնաբերվել: 47 տնօրեններ տուգանվել են ընդհանուր 6,780,000 դրամի տուգանքով: 2017 թվականի փետրվարի 10-ի տվյալներով՝ այս գումարից վճարվել է 600 հազար դրամ: Դեղատներից շատերը հիմա տուգանքի որոշումները վիճարկում են դատարանում: Դեղատների սեփականատերերը չեն կարողանում հասկանալ, թե ինչու պետք է տուգանք վճարեն դեղերի համար, որոնք օրինական հիմունքներով ձեռք են բերել ներմուծողներից: Ներմուծողներն, իրենց հերթին, պնդում են, որ այդ դեղերը չգրանցված չեն, քանի որ կան դեղերի պետական գրանցամատյանում:






