Բոտուլիզմով վարակված մայր եւ որդի Գոհարիկ եւ Վահե Սահակյանների վիճակը կայուն է։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։
17-ամյա Վահե Սահակյանը, ում մոտ խորոված բանջարեղենի պահածո ուտելուց մի քանի ժամ հետո ի հայտ են եկել եւ աստիճանաբար զարգացել բոտուլիզմին բնորոշ նշաններ, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մայրը՝ 44-ամյա Գոհարիկ Սահակյանը՝ տոքսիկոլոգիայի բաժանմունքում է։ Ըստ բժիշկների՝ դեռ հայտնի չէ, թե ինչքան է տեւելու նրանց բուժումը, բայց մոտակա 7-10 օրը երկուսն էլ պետք է հիվանդանոցում անցկացնեն։
Ինչպես մեզ հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնում, մայրն ու որդին բոտուլիզմով էին հիվանդացել տանը պատրաստված պահածո ուտելուց հետո։
Հիշեցնենք, որ մայր եւ որդի Սահակյանները Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչներ են։ Ապրիլի 1-ի առավոտյան տուժածները տանը օգտագործել են խորոված բանջարեղենի պահածո: Վահե Սահակյանը ապրիլի 2-ին բոտուլիզմի ախտանշաններով հոսպիալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես ստացել է հակաբոտուլինային շիճուկ: Գոհարիկ Սահակյանը հոսպիալացվել է ապրիլի 4-ին, նրան եւս ներարկել են հակաբոտուլինային շիճուկ:






