Մանկական հանկարծամահության համախտանիշը (ՄՀՀ) արտաքուստ առողջ փոքրիկի շնչառության կանգի հետեւանքով առաջացած հանկարծակի մահն է, առավել հաճախ՝ քնած ժամանակ։ ՄՀՀ ժամանակ սովորաբար դիահերձմամբ անհնար է որոշել մահվան պատճառը։

Առայժմ գիտությանն անհայտ են ՄՀՀ ճշգրիտ պատճառները։ Սակայն հնարավո՞ր է գոնե ինչ-որ բան անել մանկական հանկարծամահության հավանականությունը նվազեցնելու համար։ Ներկայացնում ենք բրիտանական NHS Choices-ի խորհուրդները։

Ինչ է կարելի անել

  • Ցանկալի է երեխային քնելու պառկեցնել ոչ թե փորի, այլ մեջքի վրա։
  • Երեխային պառկեցրեք մահճակալի ոտնակողմում, որպեսզի նա վերմակի տակ սահելու հնարավորություն չունենա։
  • Երեխայի գլուխը մշտապես պետք է բաց լինի, վերմակը պետք է հասնի երեխայի ուսերին։
  • Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում երեխան պետք է քնի ծնողների հետ նույն սենյակում, սակայն առանձին մահճակալում։
  • Երեխային պառկեցրեք ամուր, հարթ եւ անջրաթափանց ներքնակի վրա։
  • Երեխային կրծքով կերակրեք։

Ինչ չի կարելի անել

  • Հղիության ժամանակ չի կարելի ծխել, իսկ երեխայի ծնվելուց հետո չի կարելի ծխել այն սենյակում, որտեղ նա գտնվում է ։
  • Չի կարելի քնել երեխային գրկած։
  • Չի կարելի երեխայի հետ միեւնույն մահճակալում քնել, հատկապես եթե դուք կամ ձեր զուգընկերը թմրանյութ եք օգտագործել, ալկոհոլ եք խմել կամ ծխել եք։
  • Չի կարելի երեխային գերտաքացնել կամ գերսառեցնել։ Սենյակի ջերմաստիճանը պետք է  լինի Ցելսիուսի մոտ 16–20 աստիճան։ Չի կարելի երեխային ամուր բարուրել։