Ձգվածքները, որոնք նաեւ կոչվում են ստրիաներ, կարող են առաջանալ ցանկացած մարդու մոտ եւ ցանկացած ժամանակ, սակայն առավել հաճախ դրանք առաջանում են հղի կանանց մոտ: Քանի որ հղիության ժամանակ կանանց մոտ հորմոնային ֆոնը փոխվում է, դրա հետ միասին փոխվում է նաեւ մաշկի շարակցական հյուսվածքի սպիտակուցային կազմը. այն ավելի քիչ ձգողունակ է դառնում եւ ամենաշատ ձգման տեղերում պատռվում է: Այսինքն, ձգվածքները՝ պատռված մաշկն են՝ «կարկատված» շարակցական հյուսվածքով:
Այն մասին, թե ինչպես կարելի է կանխարգելել հղիության ընթացքում ձգվածքների առաջացումը, NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է մանկաբարձ-գինեկոլոգ Արաքսյա Հակոբյանի հետ:
Ինչպես նշեց գինեկոլոգը, հղիության ընթացքում ձգվածքներ առաջանում են կանանց ճնշող մեծամասնության մոտ, եւ ամբողջությամբ խուսափել դրանցից գործնականում անհնար է: Սակայն հղիության ընթացքում ճիշտ սննդակարգը եւ ապրելակերպը կարող են նվազեցնել դրանց առաջանալու հավանականությունը:
Սննդակարգ
Ճիշտ սննդակարգն իրենից ներկայացնում է սպիտակուցներով հարուստ սննդի օգտագործում, որը կլրացնի կնոջ մաշկում սպիտակուցների անբավարարությունը:
«Դա միսն է, թռչնամիսը, ձուկը եւ ձուն: Բոլոր այն սննդամթերքները, որոնք մենք խորհուրդ ենք տալիս կանանց հղիության ընթացքում, նույնպես կանխարգելում են մաշկի վրա ձգվածքների առաջացումը»,- նշեց գինեկոլոգը:
Իսկ ճարպոտ սնունդից ավելի լավ է խուսափել՝ ոչ միայն այն բանի համար, որ օգտակար չէ մաշկի համար, այլ նաեւ նրա համար, որ ընդհանուր առմամբ առողջության համար այն նույնպես վնասակար է:
Ֆիզիկական ակտիվություն
Ինչպես նշեց Արաքսյա Հակոբյանը, հղիության ընթացքում ֆիզիկական ակտիվությունը կնոջ համար նույնպես շատ կարեւոր է, քանզի այն կանխարգելում է մի շարք խնդիրների առաջացումը՝ ներառյալ ձգվածքները: Ինչպես սիրում են ասել գինեկոլոգները, «հղիությունը հիվանդություն չէ»: «Հղի կինը չպետք է ամբողջ օրը պառկի անկողնում կամ բազմոցին եւ օրինակ՝ հեռուստացույց դիտի»,- ասաց Հակոբյանը:
Գինեկելոգը նաեւ խորհուրդ է տալիս կոնտրաստային ցնցուղ ընդունել, որը մաշկի վիճակի վրա դրական է ազդում: Սակայն նախքան այդ ցնցուղի մասին մտածելը անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ոչ բոլոր հղիներին է դա ցուցված:
Քսուկներ
Գոյություն ունեն նաեւ հատուկ քսուկներ, որոնք կանխարգելում են ձգվածքների առաջացումը, սակայն գինեկոլոգը այնքան էլ խորհուրդ չի տալիս դրանցով տարվել: «Ավելի լավ է կանխարգելել ձգվածքների առաջացումը ճիշտ սնվելու եւ ֆիզիկական ակտիվության միջոցով, քան քսուկի օգնությամբ, որում այսպես թե այնպես շատ քիմիկատներ կան»,- ասաց Հակոբյանը:
Քսուկներին ավելի առողջ եւ արդյունավետ այլընտրանք է հանդիսանում զեյթունի ձեթը: «Զեյթունի ձեթով կարելի է մերսել այն հատվածները, որտեղ կարող են առաջանալ ձգվածքներ. դրանք են՝ որովայնը, ազդրերը եւ կրծքավանդակը»,- նշեց Արաքսյա Հակոբյանը, հավելելով, որ զեյթունի ձեթը՝ ի տարբերություն ձգվածքների դեմ քսուկների, բնական է եւ քիմիկատներ չի պարունակում, այնպես որ, դրանից վնաս չի լինի:






