Հայաստանում եռաչափ տպագրության ավելի ակտիվ կիրառումը կարող է նպաստել բժշկության զարգացմանը եւ գործնականում այսօր չկիրառվող նոր տեխնոլոգիաների ներդրմանը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արթուր Խոջաբագյանը, որը 3D պրինտերներ արտադրող AugmentAr հայկական սթարթափի հիմնադիրն է:
Արթուր Խոջաբագյանի խոսքով՝ 3D տպագրությունն այսօր աշխարհում ակտիվորեն կիրառվում է, օրինակ՝ օրթոպեդիայում եւ վնասվածքաբանության մեջ, որի օգնությամբ եւ համապատասխան նյութերի օգտագործմամբ ոսկորներ կամ դրանց մասեր են տպագրում, որոնք իրենց չափերով եւ կառուցվածքով հիվանդին լիովին համապատասխանում են:
Անցյալ տարի Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի բժիշկները 3D տպագրությամբ Թեդի Վարդ անունով երեխայի համար ադյունաբերական պլաստիկից՝ պոլիէֆիրէֆիրկետոնից (PEEK) իմպլանտ են տպագրել: Ժայռից ընկնելուց հետո երեխայի գանգի կեսը փշրվել էր, եւ այս իմպլանտի օգնությամբ բժիշկները կարողացել են նրա գանգը վերականգնել, որի շնորհիվ երեխան կարողացել է նորմալ կենսակերպի վերադառնալ:
Դրանից բացի, վերջերս Northwestern University-ի գիտնականները ոսկրի արհեստական հյուսվածք են ստեղծել, որը հնարավոր է տպագրել 3D տպագրությամբ: Նոր նյութը, որն անվանել են Hyper-Elastic Bone (գերառաձգական ոսկոր), աչքի է ընկնում մեծ ամրությամբ, իսկ դրանից անհրաժեշտ ձեւի հատվածը հնարավոր է շատ արագ պատրաստել: Այս նյութից կարելի է ոսկորներ տպագրել, որոնք հնարավոր կլինի վիրահատությունների ժամանակ օգտագործել ոսկրային հատվածների փոխարեն, որոնք սովորաբար վերցնում են հիվանդի ազդրի ոսկրից:
Եռաչափ տպագրությամբ այսօր նաեւ հատուկ ֆիքսատորներ են տպագրում, որոնց օգնությամբ կոտրվածքներից հետո վերջույթներն անշարժացնում են՝ գիպսի փոխարեն:
Եռաչափ տպագրությունն այսօր ակտիվորեն օգտագործվում է նաեւ բարդ վիրահատություններից առաջ օրգանների եւ ոսկորների մոդելավորման համար: Օրինակ՝ անցյալ տարի ԱՄՆ-ում Թեխասի Դրիսքոլի մանկական հիվանդանոցում 11-ամսական սիամական երկվորյակների անջատման բարդ, 15 ժամ տեւած վիրահատություն են կատարել, որոնք ընդհանուր աղիներ եւ միզապարկ ունեին: Այս վիրահատությանը պատրաստվելու ընթացքում բժիշկները երկար հետազոտել են երկվորյակների արյունատար համակարգերը, իսկ 3D տպագրությամբ ստեղծվել է եռաչափ մոդել, որի վրա բժիշկները մշակել են վիրահատության կատարման որոշ պահեր:
Շատ մասնագետներ համոզված են, որ ապագայում եռաչափ տպագրությունը բժշկության մեջ է՛լ ավելի լուրջ դերակատարում կունենա. դրա օգնությամբ հնարավոր կլինի արհեստական օրգաններ տպագրել, որոնք կկարողանան փոխարինել իսկականներին:
Ցյուրիխի Տեխնիկական բարձրագույն դպրոցի (ETH Zurich) գիտնականները 3D տպագրությամբ արդեն սիրտ են տպագրել սիլիկոնից՝ փափուկ, իր ձեւով եւ չափերով մարդու իսկական սրտին նման: Ավելին՝ սիրտը կարող է կծվել, ճիշտ է՝ կարճատեւ:
Դրանից կարճ ժամանակ առաջ Փյեմոնթի սրտի ինստիտուտի մասնագետները 3D տպագրությամբ սրտի փականների պատրաստման նոր մեթոդիկա են մշակել, որոնք կհամապատասխանեն կոնկրետ հիվանդների փականներին: Իսկ չինական Sichuan Revotek ընկերությունը աշխարհում առաջին արհեստական անոթներն է ստեղծել, որոնք 3D տպագրությամբ են տպագրվել, սակայն գործում են իսկականների նման: Նոր անոթները տպագրվել են կենսաթանաքներից, որոնք ստեղծվել են մակակ ռեզուսներից վերցրած ցողունային բջիջներից:
Nature Communications ամսագրի հրապարակման համաձայն՝ գիտնականների մեկ այլ խմբի հաջողվել է ստանալ առողջ սերունդ մկներից, որոնց փոխպատվաստել էին 3D տպագրությամբ տպագրված ձվարաններ: Որպես «թանաք» օգտագործվել է ժելատինը: Որպես կանոն, այս նպատակով հիդրոգելեր են օգտագործվում, դրանք հազվադեպ են օրգանիզմից անջատվում, իսկ օրգանները ծակոտկեն կառուցվածք ունեն, ինչը դրանց թույլ է տալիս փոխազդել տիրոջ արյան եւ հյուսվածքների հետ:
Եռաչափ տպագրությունը Հայաստանում դեռեւս բժշկության մեջ չի կիրառվում, սակայն եթե սկսեն այն ակտիվորեն կիրառել, դա կօգնի տեղի բժշկությունը բարձրացնել միանգամայն նոր մակարդակի, կարծում է Արթուր Խոջաբագյանը:






