Վերջին տարիներին Հայաստանում աճում է ոչ միայն գեր մեծահասակների թիվը, այլեւ գեր երեխաների: Այս կարծիքի է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա նշեց, որ գիրությամբ տառապող մարդկանց թիվը վերջին շրջանում այնքան է աճել, որ նույնիսկ հետազոտություններ էլ պետք չեն դա ապացուցելու համար՝ բավական է ուղղակի դուրս գալ փողոց եւ նայել մարդկանց: Հասմիկ Աբովյանի կարծիքով՝ նախկինում գոնե երեխաները չունեին ավելորդ քաշի խնդիր, բայց հիմա արդեն շատ են գիրությամբ տառապող նույնիսկ փոքրիկ երեխաները:
Ինչու՞ է Հայաստանում մեծանում ավելորդ քաշ ունեցող երեխաների թիվը: Դիետոլոգը կարծում է, որ առաջին հերթին դրանում մեղավոր են ծնողները, որոնք իրենց երեխաներին չափից շատ են կերակրում:
«Ինձ համար ամենացավալին այն է, որ այս առաջընթացի եւ ինֆորմացիայի դարում ծնողները շարունակում են ուրախանալ, երբ իրենց երեխան շատ է ուտում: Նրանք հպարտանում են դրանով եւ անգամ խղճում են այն երեխային, որը շատ առողջ է եւ ունի նորմալ քաշ», - ասաց Հասմիկ Աբովյանը:
Դիետոլոգի կարծիքով, այսօր կա մեծ քանակությամբ բոլորին հասանելի ինֆորմացիա ճիշտ սնվելու մասին, բայց ծնողները շարունակում են մատների արանքով նայել երեխայի սնունդին եւ թույլ են տալիս նրանց գնել եւ ուտել, օրինակ, Ֆասթ-ֆուդ, չիփսեր եւ սուխարիկներ՝ արհեստական համերով:
Ըստ դիետոլոգի, երեխաներին պետք է շատ փոքր տարիքից սովորեցնել առողջ սնվել: «Մամաները շատ հաճախ, որպեսզի ազատ ժամանակ ունենան, երեխային կարող են փողոցից առնել կարկանդակներ, թխվածքաբլիթներ, կոնֆետներ… Չի կարելի դա անել: Եթե երեխան փոքր տարիքից սովորի այդպիսի սննդին, նրան հետո հնարավոր չի լինի ստիպել ուտել բանջարեղեն, մրգեր եւ թարմ, բնական ուտելիքներ», - նշեց դիետոլոգը:
Երեխաների գիրության հաջորդ պատճառը ֆիզիկական ակտիվության պակասն է, քանի որ ժամանակակից երեխաները, ինչպես նշեց դիետլոգը, նախընտրում են համակարգչի առաջ նստել, ոչ թե գնալ դուրս եւ ինչ-որ ակտիվ խաղեր խաղալ:
Հասմիկ Աբովյանի կարծիքով՝ երեխաների գիրության խնդիրը լուծելու համար ծնողները պետք է առաջին հերթին փոխեն իրենց իսկ սննդակարգն ու ապրելաոճը եւ սեփական օրինակով ցույց տան երեխաներին, թե ինչ է նշանակում առողջ սնունդ եւ առողջ ապրելակերպ:






