Բժիշկը պետք է ֆիքսված աշխատավարձ ստանա անկախ նրանից, թե քանի հիվանդի է նա բուժում կամ վիրահատում։ Նման մոտեցման դեպքում ֆինանսական հարցերը չեն ազդի բժշկի աշխատանքի վրա ու նա կկարողանա ավելի անկողմնակալ որոշումներ կայացնել իր հիվանդների վերաբերյալ։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել օնկովիրաբույժ Ջորգ Հաթթերը University Hospital of Salzburg-ից (Ավստրիա): Բժիշկը մասնակցում է «Թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով գիտաժողովին՝ Ոռուցքաբանության ազգային կենտրոնում։

Մասնագետի խոսքով բժիշկներին հիվանդների քանակից կախված աշխատավարձ վճարելը արմատապես սխալ է։ Ինչպես ցույց է տվել բոլոր՝ այդ թվում եվրոպական երկրների փորձը, որտեղ բժիշկների աշխատավարձը կախված է արված աշխատանքի քանակից, նման մոտեցումը շատ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։

Օրինակ եթե վիրաբույժի աշխատավարձը կախված է նրա իրականացրած վիրահատությունների քանակից, եթե նա ստանում է «տոկոսներ» այդ վիրահատություններից, անբարեխիղճ վիրաբույժը կարող է վիրահատել այն հիվանդին, որը իրականում վիրահատության կարիք չունի։ Ինչ-որ իմաստով նման մոտեցումը կարող է օգտակար լինել կլինիկայի ու բժշկի գրպանի համար, բայց այն անընդունելի է առողջապահության զարգացման տեսակետից, ավելին, այն չի բխում հիվանդի շահերից։

«Եթե հիվանդանոցում բժիշկը ստանում է ֆիքսված աշխատավարձ, նա ավելի անկողմնակալ որոշումներ է կայացնում իր հիվանդների բուժման մեթոդների վերաբերյալ։ Ես օրինակ ստանում եմ ֆիքսված աշխատավարձ՝ ես գիտեմ, որ անկախ նրանից, կանեմ վիրահատություն, թե ոչ, իմ աշխատավարձի չափը չի փոխվի։ Դրա համար էլ, որոշելով, արդյոք պետք է վիրահատել տվյալ հիվանդին, թե ոչ, ես հիմք եմ ընդունում առկա փաստերն ու ցուցումները։ Եթե ցուցումներ կան, ես անում եմ վիրահատություն, իսկ եթե ոչ՝ հիվանդին բացատրում եմ, թե ինչու դա նրան պետք չէ, ու հիվանդը կարող է վստահ լինել, որ իմ տեսակետը անկողմնակալ է»,- նշեց Յորգ Հութերը։

Օնկովիրաբույժը նաեւ հավելեց, որ իր կարծիքով բժշկությունը պետք է հասանելի լինի բոլորի համար, ով ունի դրա կարիքը՝ անկախ տարիքից, սոցիալական կարգավիճակից ու այլ գործոններից։ Ավելին, բժիշկը երբեք չպետք է հայտնվի մի իրավիճակում, երբ ռեսուրսների պակասի պատճառով ստիպված է ընտրել՝ հիվանդներից ում տրամադրել բուժում, իսկ ում՝ ոչ։

«Եթե հիվանդին պետք է բուժում, եթե դա կբարձրացնի նրա կյանքի որակը, նա պետք է ստանա բուժում, անկախ ամեն ինչից»,- նշեց մասնագետը։