Ինձ փոխպատվաստում կատարելուց հետո ես շուտով կկարողանամ սովորական կենսակերպ վարել, ինչպիսին նախկինում եմ վարել, RT-ին ասել է 20-ամյա Քրիստինան, որին Նովոսիբիրսկի Մեշալկինի կարդիովիրաբույժները մեխանիկական 2 սիրտ են տեղադրել:
«Հիմա ինձ չի կարելի յուղոտ եւ կծու ուտելիք ուտել, չի կարելի նաեւ ծանրաբեռնվել: 5 կիլոգրամից ոչ ավելի: Կրծքավանդակիս մեջ մի փոքր ցավ է մնացել: Բայց այն բանից հետո, երբ ինձ փոխպատվաստում են կատարել, շուտով կկարողանամ սովորական կենսակերպ վարել, ինչպիսին նախկինում եմ վարել: Հիմա ինձ լավ եմ զգում»,- պատմել է նա:
Հարձակման հետեւանքով աղջիկը մի քանի դանակահարվածներ էր ստացել, որից հետո նրա մոտ սրտի կաթված է առաջացել: Մեկ տարի շարունակ նա բուժհաստատություններ է այցելել, սակայն Քրիստինային վճռել են օգնել միայն Նովոսիբիրսկի ակադեմիկոս Մեշալկինի անվան կենսաբժշկության կենտրոնի բժիշկները: Բժիշկները եկան այն եզրակացության, որ նման իրավիճակից միակ ելքը կլիներ արյան շրջանառության մեխանիկական աջակցությունը կամ սրտի 2 փորոքների փոխպատվաստումը:
«Շատ ծանր հիվանդ է: Աղջիկը, որի վրա հարձակվել էին, եւ որի ամբողջ սիրտը ծակոտել էին: Եվ դրա հետեւանքով սիրտը վերածվել էր այնպիսի խարխուլ պարկի, որը չի կծկվում: Երբ նրան մեզ մոտ բերեցին, նա մահացող մարդ էր… Մենք կարողացանք այս իրավիճակից ելք գտնել. հենց այդ պահին հայրենական գիտնականներն ավարտել էին երկրորդ պոմպի մշակումը, որպեսզի պրոթեզավորվեն սրտի ոչ միայն ձախ բաժինները, այլ նաեւ աջ»,- հայտնել է վիրաբույժը:
Հիմա աղջիկը հատուկ պայուսակով է շրջում, որտեղ է գտնվում պոմպերի կառավարման համակարգը, որոնք արյուն են մղում, եւ մարտկոցների լրակազմը՝ առանց էլեկտրացանցի մի քանի ժամ քայլելու համար:
«Ռուսաստանում սա համանման առաջին վիրահատությունն է, արտասահմանում եզակի դեպքեր են եղել, սակայն նման համակարգ ոչ մեկը չունի»,- ընդգծել է Չերնյավսկին:






