Երբ 40-ամյա Ռեզիա Բեգումը՝ Բանգլադեշից, լույս աշխարհ բերեց երկրորդ երեխային, նրա ոտքի չափերը սկսեցին մեծանալ։ 18 տարի շարունակ ոտքն ավելի ու ավելի մեծ է դարձել, սակայն կինը երկար ժամանակ դրան ուշադրություն չէր դարձնում։ Երբ նրա ոտքը սկսել  է 60 կգ կշռել՝ նրան զրկելով քայլելու հնարավորությունից, նա, վերջապես, բժշկի է դիմել։

Դաքքայի բժշկական քոլեջի մասնագետները կասկածում են, որ Բեգումը կարող է տառապել փղային հիվանդությամբ։ Նախնական զննումը ցույց է տվել, որ ոտքի մեծացման պատճառը այնտեղ հայտնված օտարածին մարմինն է։ Բժիշկները ենթադրում են, որ ստորին վերջույթը կծել է մոծակը, եւ կնոջ օրգանիզմ որդ է ներթափանցել, որը դանդաղորեն բազմացել է ու հանգեցրել լիմֆատիկ համակարգի աշխատանքի խափանմանը։ Արդյունքում վնասված վերջույթում սկսվել է հեղուկ կուտակվել։

Մասնագետների կարծիքով՝ հիվանդությունը կարող է սպառնալ Ռեզիա Բեգումի կյանքին։ Բայց բանը միայն այն չէ, որ անվասայլակին գամված կինն առանց հարազատների օգնության չի կարողանում տեղաշարժվել, այլեւ այն, որ եթե տարօրինակ ուռուցքը տարածվի որովայնի ստորին հատվածում, Բեգումը հազիվ թե կարողանա ողջ մնալ։ Այժմ կնոջը զննում են, որից հետո կպատրաստեն վիրահատության։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս կամ այն աստիճանի փղային հիվանդությամբ աշխարհում շուրջ 120 մլն մարդ է տառապում։ Սակայն դրանով տառապում են ոչ միայն ասիական եւ աֆրիկյան երկրների բնակիչները, այլեւ եվրոպական երկրների բնակիչները։