Այն մարզերում, որտեղ լեռնահանքային արդյունաբերություն կա, ցանկալի չէ բանջարեղեն եւ կանաչի աճեցնել, որոնք շրջակա միջավայրից կլանում են ծանր մետաղները եւ վտանգավոր քիմիկատները: Այս մթերքները կարող են անչափ վտանգավոր լինել մարդու առողջության համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան» մամուլի ասուլիսում ասաց սննդամթերքի հարցերով մասնագետ Դավիթ Պիպոյանը:

«Եթե ինձ հարցնեք, թե Հայաստանում որն է սննդամթերքի անվտանգության հետ կապված ամենալուրջ խնդիրը, ապա ես միանշանակ կասեմ՝ լեռնահանքային արդյունաբերության ազդեցությունը»,- նշեց մասնագետը:

Նրա խոսքով՝ օրինակ, հիգիենայի եւ մթերքների պահման պայմանների հետ կապված խնդիրները կարելի է ընդամենը մի քանի ամսում լուծել, սակայն լեռնահանքային արդյունաբերության հետ կապված խնդիրները ֆինանսական մեծ միջոցներ եւ շատ ժամանակ կպահանջեն:

Մասնագետը նշեց, որ որոշ մթերքներ անչափ ինտենսիվորեն բնահողից իրենց մեջ են կլանում ծանր մետաղները եւ քիմիկատները: Այսպիսի մթերքների թվում է կանաչին: Սակայն մարդիկ միանգամից մեծ քանակությամբ մաղադանոս կամ ռեհան չեն օգտագործում, ուստի կանաչին, որը նույնիսկ օգտակար հանածոներ արդյունահանող վայրին մոտ է աճեցվել, առողջության համար առանձնապես վտանգավոր չէ:

Դրա փոխարեն անչափ վտանգավոր են այն մթերքները, որոնք մարդիկ մեծ քանակությամբ են օգտագործում: Այսպես՝ Սյունիքի մարզի գյուղերում մարդիկ մեծ քանակությամբ կարտոֆիլ եւ լոբի են օգտագործում, որոնք, ինչպես հայտնի է, նույնպես իրենց մեջ են կլանում բնահողի ծանր մետաղները: Եթե դրանք այս մարզում են աճեցվել, կարող են վտանգ ներկայացնել մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում: Մասնագետը նշեց, որ երեւանցին, որպես կանոն, գնում է տարբեր վայրերում աճեցված մթերքներ, եւ եթե նա նույնիսկ մի քանի անգամ օգտագործի հանքավայրից ոչ հեռու գտնվող վայրում աճեցված մթերքները, սարսափելի ոչինչ տեղի չի ունենա: Սակայն լեռնահանքային արդյունաբերություն ունեցող մարզերում բնակվող մարդիկ կանոնավորապես օգտագործում են ոչ հեռու աճեցված մթերքները, որը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել եւ նույնիսկ բերել քաղցկեղային ուռուցքների զարգացման:

Պիպոյանի կարծիքով՝ լեռնահանքային արդյունաբերության հետ կապված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է Առողջապահության, Բնապահպանության եւ Գյուղատնտեսության նախարարությունների ընդհանուր ծրագիր: Իսկ շրջանների բնակիչները, որտեղ լեռնահանքային արդյունաբերություն կա, պետք է գոնե այնպիսի մթերքներ աճեցնեն, որոնք ծանր մետաղները չեն կլանում, օրինակ՝ սոխ եւ սխտոր, իսկ լոբու եւ կարտոֆիլի աճեցումից խորհուրդ է տրվում հրաժարվել: