Հուլիսին Հայաստանում Լայմի հիվանդության 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում: Այս մասին ասված է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի հաշվետվությունում: Բոլոր հիվանդները 2-7 տարեկան երեխաներ են:

Հաշվետվության համաձայն՝ հիվանդները բժշկի են դիմել կլինիկական ախտանշանների ի հայտ գալուց հետո (տիզերի խայթոցից 1-1.5 ամիս անց): Նրանց Երեւան են ուղարկել՝ հետազոտվելու: Երեք երեխաների մոտ հիվանդությունն ախտորոշվել է անմիջապես, իսկ չորրորդի մոտ այն հաստատվել է միայն երեք շաբաթ անց կատարված կրկնակի լաբորատոր հետազոտությունից հետո:

Լայմի հիվանդությունը, որը հայտնի է նաեւ տիզային բորելիոզ անվանումով, ինֆեկցիոն, գերազանցաբար տրանսմիսիվ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է Ixodes-ի մի քանի տեսակներին պատկանող տիզերի խայթոցի միջոցով։

Լայմի հիվանդության վաղ դրսեւորումները կարող են ներառել ջերմություն, գլխացավեր, հոգնածություն ու մաշկային ցան, որը կոչվում է տեղաշարժվող էրիտեմա։