Օնկոմարկերներն ունեն ծայրահեղ ցածր արդյունավետություն. դրանք ծանրաբեռնում են առողջապահական համակարգը, նյարդայնացնում են հիվանդներին, բայց շատ հազվադեպ են օգնում ճիշտ ախտորոշում ստանալ: Այս թեմայով զեկույց կներկայացնեն Հարավարեւմտյան Ուելսի Քաղցկեղաբանության կենտրոնի գիտնականները Բժշկական ուռուցքաբանության եվրոպական միության (ESMO) կոնֆերանսի շրջանակներում:
Ժամանակակից բժշկությունը ձգտում է հասնել ուռուցքաբանական հիվանդությունների վաղ ախտորոշմանը: Ուռուցքային հիվանդությունները նախնական փուլերում հայտնաբերելու դեպքում մեծամասնությամբ կարող է բուժվել արագ եւ էժան, ինչն արդյունավետ է ինչպես հիվանդի, այնպես էլ առողջապահական համակարգի համար: Սակայն խնդիրն այն է, որ վաղ փուլերում քաղցկեղը գրեթե աննկատելի է: Գոյություն ունեն օնկոմարկերներ, որոնք պարզում են որոշ նյութերի մակարդակը արյան եւ հյուսվածքների մեջ, ինչը կարող է մատնանշել օրգանիզմում ուռուցքի զարգացման գործընթացները, սակայն շատ մասնագետների պնդմամբ, սա արդյունավետ ախտորոշման տարբերակ չէ: Վերը նշված կենտրոնի գիտնական Քրեյգ Բարրինգթոնը ուսումնասիրել է 1747 օնկոմարկերով կատարված անալիզները, որոնք վեց ամսվա ընթացքում կատարվել են թերապեւտների, բժիշկների եւ մասնագետների կողմից: Քաղցկեղ հայտնաբերվել է 297 մարդու մոտ (17 տոկոս), իսկ օնկոմարկերների միջոցով ախտորոշվել է 35 հիվանդ, ընդամենը՝ 2 տոկոս:
Նախնական շրջանում նշանակվել էր 985 հետազոտություն, որոնցից քաղցկեղի ախտորոշում է տրվել 50 հիվանդի: Օնկոմարկերների միջոցով ախտորոշվել են միայն հինգը, արդյունավետությունը՝ 0,5 տոկոս: Երկրորդ փուլում կատարվել է 762 հետազոտություն. բոլոր հետազոտությունների արդյունքում քաղցկեղ հայտնաբերվել է 244 հիվանդի մոտ՝ 32 տոկոս, որոնցից միայն 30 հիվանդների մոտ է այն ախտորոշվել օնկոմարկերներով: Մասնագետների կարծիքով, օնկոմարկերները արդյունավետ չեն եւ չեն արդարացնում ծախսերը: Բացի դրամական ծախսերից եւ կորուստներից՝ այս թեստերը նաեւ անհանգստություն եւ խուճապ են առաջացնում այցելուների մոտ:






