Ալյուրը ֆոլաթթվով եւ երկաթով հարստացնելու ծրագիրը երկու ծայր ունեցող մահակ է. ինչպես պնդում է սննդամթերքի հարցերով փորձագետ Դավիթ Պիպոյանը, այս ծրագիրը կարող է բնակչության մի խմբի խնդիրները լուծել, սակայն այդ ընթացքում կարող է վնաս հասցնել մյուս խմբերին:
Մասնագետի խոսքով՝ եթե ալյուրին ֆոլաթթու է ավելացվում, սա կարող է օգտակար լինել հղի կանանց համար եւ նվազեցնել նյարդային խողովակի արատներով ծնված երեխաների թիվը, որոնք առաջանում են այս վիտամինի պակասի հետեւանքով: Սակայն ֆոլատները հակացուցված են աղեստամոքսային համակարգի ուռուցքային հիվանդություններով տառապող մարդկանց. հարստացված ալյուրն այս մարդկանց կարող է վնասել:
Ինչ վերաբերում է անեմիայի կանխարգելման համար ալյուրին երկաթ ավելացնելուն, մասնագետը նշեց, որ առաջին հերթին հարկ է հասկանալ անեմիայի տարածման պատճառները, եւ միայն հետո մտածել՝ դրա դեմ ինչպես պայքարել:
Մասնագետի խոսքով՝ շրջաններում, որտեղ լեռնահանքային արդյունաբերություն կա, սննդամթերքի մեջ ահռելի քանակությամբ մոլիբդեն է հայտնաբերվել, որն, ինչպես հայտնի է, օրգանիզմից երկաթը դուրս է բերում: Եթե մարդկանց մոտ անեմիա է առաջացել նրանց սնունդում մոլիբդենի առկայության պատճառով, երկաթով հարստացված ալյուրը նրանց չի օգնի. ալյուրին որքան էլ երկաթ ավելացնեն, այն օրգանիզմի կողմից չի յուրացվի, եւ դրա պակասի խնդիրը չի լուծվի: Դրա փոխարեն նման ալյուրը կարող է վնաս հասցնել այն մարդկանց, որոնք լրացուցիչ երկաթի կարիք չունեն:
Հիշեցնենք, որ նախկինում Հայաստանի առողջապահության նախարարությունը ալյուրը երկաթով եւ ֆոլաթթվով հարստացնելու ծրագիր էր մշակել, սակայն հասարակության կողմից այն միանշանակ չընդունվեց։ Նախարարության հիմնական փաստարկն այն էր, որ հարստացումն անհրաժեշտ է անեմիայի եւ երեխաների շրջանում նյարդային խողովակի հետ կապված խնդիրների ցուցանիշների նվազեցման համար։ Սակայն շատ մասնագետներ դեմ են այդ ծրագրին՝ համարելով, որ այն բավականին հիմնավորված չէ եւ ֆոլաթթվի ու երկաթի ավելցուկի հետ կապված ռիսկերը լավ հաշվարկված չեն։
Ծրագիրը որոշ ժամանակով դադարեցվեց, սակայն օգոստոսի 15-ին ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտարարեց, որ նախարարությունը չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել ծրագրից, բայց պատրաստվում է փոխել ռազմավարությունը։ Նախարարի խոսքով՝ եթե խորացված հետազոտությունը մատնանշի անեմիայի բարձր ցուցանիշներ, ապա կառավարությունը ստիպված կլինի որոշ ժամանակ ալյուրը հարստացնել։






