2017-ի սեպտեմբերին ֆրանսիացի գիտնականները հայտնել էին, որ իրենց հաջողվել է մասնակիորեն վերականգնել 15 տարի վեգետատիվ վիճակում գտնվող հիվանդի գիտակցությունը։ Հիմա նրանք արժանացել են գործընկերների սուր քննադատությանը, քանի որ հրապարակման մեջ չէին նշել, որ հիվանդը մի քանի ամիս անց մահացել է փորձնական բուժման հետ կապ չունեցող պատճառներով, հայտնում է The Guardian–ը։
Հիշեցնենք, որ 35-ամյա ֆրանսիացին, որն ավտոմոբիլային վթարից հետո 15 տարի վեգետատիվ վիճակում էր գտնվում, սկսել էր գիտակցության նշաններ դրսեւորել թափառող նյարդի էլեկտրախթանման (այսպես կոչված VNS-թերապիայի) կիրառման արդյունքում։
Հիվանդի մոտ տեղադրել են իմպլանտատ, որը 6 ամսվա ընթացքում էլեկտրական ազդակներով խթանում էր թափառող նյարդը, որն ուղեղին ազդանշաններ է հաղորդում։ Թափառող նյարդը մեկ ամիս խթանելուց հետո հիվանդի արձագանքները ու նրա ուղեղի ակտիվությունը զգալիորեն բարելավել են։ Տղամարդը սկսել է արձագանքել բժիշկների հասարակ ցուցումներին, ինչը նախկինում երբեւէ չէր արել։ Օրինակ նա կարողանում էր աչքերով հետեւել օբյեկտին ու գլուխը շրջել այս կամ այն կողմ՝ փորձի մասնակիցների խնդրանքով։ Խթանումից հետո հետազոտողները նաեւ դիտարկել են արձագանք «սպառնալիքին», ինչը նույնպես նախկինում երբեւէ չէր նկատվել։ Օրինակ երբ բժշկի գլուխը անսպասելիորեն մոտենում էր հիվանդի դեմքին, նա զարմանքով էր արձագանքում դրան, լայն բացելով աչքերը։ Բացի դրանից հիվանդի մայրը հայտնել էր, որ երբ ինքը նրա համար բարձրաձայն կարդում էր, նա ավելի երկար էր արթուն մնում ու ավելի ուշադիր էր լսում։
Ուղեղի ակտիվության գրանցումը բացահայտել է լուրջ փոփոխություններ։ ԷԷԳ-ի տետա- ռիթմը, որը վեգետատիվ վիճակը նվազագույն գիտակցության վիճակից տարբերող առավել կարեւոր նշանն է, զգալիորեն ուժեղացել է ուղեղի այն մասերում, որոնք պատասխանատու են շարժման, զգացողությունների ու գիտակցության համար։ VNS թերապիան նույնպես ավելացրել է ուղեղի ֆունկցիոնալ ակտիվությունը՝ ՊԷՏ սկանավորումը ցույց է տվել մետաբոլիկ ակտիվության ավելացում ուղեղի թե կորտիկալ, թե ենթակեղեւային մասերում։ Այդուհանդերձ պարզվել է, որ փորձի ավարտից մի քանի ամիս անց տղամարդը մահացել է թոքերի բորբոքումից։
Փորձի հեղինակ Անժելա Սիրիգուն փաստը լռության մատնելը բացատրել է հանրային ուշադրությունից հանգուցյալի ընտանիքին պաշտպանելու ցանկությամբ։ Նրա խոսքով՝ քանի որ մահը բուժման հետ կապ չի ունեցել, փորձի համար դրա հիշատակումը սկզբունքային նշանակություն չի ունեցել։
Սակայն գիտական շրջանակները համաձայն չեն այդ կարծիքի հետ։ Բիրմինգեմի համալսարանի ճանաչողական գիտությունների մասնագետ Դեմիեն Քրուզը համարում է, որ աշխատանքի լուսաբանումը կարող էր վեգետատիվ վիճակում գտնվող մյուս մարդկանց հարազատների համար ավելորդ լավատեսության պատճառ դառնալ։ «Եթե դուք պահպանում են հիվանդի անանունությունը, ոչ մի պատճառ չկա ամեն բանի մասին չպատմելու համար»,– ասել է մասնագետը։
Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Ժակ Լյուոտեն, որը երկար ժամանակ հետեւում էր հիվանդին, ասել է, որ հանգուցյալի ընտանիքի հետ համատեղ որոշում է կայացվել չհայտնել մահվան մասին, քանի որ դա կարող է մարդկանց մոտ սխալ կարծիք ստեղծել, որ դա կապ ունի էլեկտրախթանման հետ։ Գիտնականը խոստովանել է, որ այդ որոշումն ակնհայտ սխալ էր։






